Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Աննա Մաթևոսյանի, քիչ առաջ մերժել է քննիչի միջնորդությունը՝ Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանը։

 

 

Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ իր պաշտպանյալի նկատմամբ անձնական հետապնդում է իրականացվում․ «Նույն դատարանի «չագուչով» ու պատմուճանով և իրեն դատավոր պատկերացնող Արտուշ Գաբրիելյանը նույն միջնորդությունը, նույն հիմքերով, կեղծիքների միջոցով, առանց պաշտպանի ներկայության, դեռևս 30.12.2018թ-ին բավարարել էր՝ կեղծիքների դիմելով։ Չմոռանանք նախապատմությունը, թե նախորդ միջնորդությունը երբ է ներկայացվել, երբ առաջին անգամ դատարանները որոշեցին, որ Վահագն Հարությունյանը կալանավորման ենթակա չէ, դրանից անմիջապես 1 օր հետո ներկայացվեց այս միջնորդությունը ու ծանոթանալով նյութերին՝ տեսանք, որ հորինված հիմքեր են ու հորինված միջնորդություն։ Համոզված եմ, որ նույնն էլ այժմ է տեղի ունենալու։ Քանի որ գնահատում ենք անձնական հետապնդում, և կարծում եմ՝ որոշ ժամանակ հետո կրկին վերացական հիմքեր կստեղծվեն, կհորինվեն ՀՔԾ-ի կողմից ու նորից կալանավորման միջնորդություն կներկայացվի»,-ասաց փաստաբանը։ 

Ըստ նրա՝ վարչապետի կոչից հետո Հայաստանում սկսում է ձևավորվել դեռ անհատ անկախ դատավորների համայնք, ինչն իր հերթին բերելու է մեծամասամբ անկախ դատական համակարգի կայացմանը. «Կարծում եմ՝ վեթինգի լավագույն օրինակը սա է և այս գործով հասկանում ենք, թե որ դատավորներն են իրականում պատրաստ անկախ լինել, որոնք՝ ոչ։ Ակնհայտ է բոլորի համար, որ այս քրգործը երկրի իշխանության համար հույժ կարևոր նշանակություն ունի ու այդ քրեական գործով տեղի ունեցող դատական գործողություններն ազդում են հասարակական, քաղաքական իրադարձությունների վրա։ Քրեական գործով դատարանը որոշում է կայացնում խափանման միջոց փոխելու վերաբերյալ, հաջորդ օրը հրահանգում է դատարաններն արգելափակել, նույն քրեական գործով Վերաքննիչը որոշում է վերացնել խափանման միջոցը, հանրահավաք է տեղի ունենանում ու սպառնալիքներ են հնչում դատական համակարգի հասցեին։ Այս պարագայում դատարանները ծանր իրադրության մեջ են ընկել՝ գործել օրենքի շրջանակներում, թե այս քաղաքական նշանակություն ունեցող գործով կայացնել իշխանությանը հաճո որոշումներ։ Այս պարագայում այն դատավորները, որոնք օբյեկտիվ որոշումներ են կայացնում, հայտնվում են թիրախում, ու հենց այս դատավորներն են, որ անկախ են լինում գործադիր իշխանությունից»,- նշեց Պողոսյանը։ 

Նշենք, որ փետրվարի 6-ին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր Վահագն Հարությունյանի կալանավորման վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշումն ու գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության: Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել Մարտի 1-ի գործով ապացույցներ կեղծելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ, որը զուգորդվել է բռնությամբ: