Այսօր ՀՀ արդարատության նախարար Արտակ Զեյնալյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ կառավարության այն որոշմանը, ըստ որի՝ պետք է աջակցություն տրամադրվի 2008թ.-ի մարտի մեկին տուժածների ընտանիքներին:

Հարցին, թե ի՞նչ աջակցության մասին է խոսքը, Զեյնալյանն ասաց. «Դրա վերաբերյալ, ես իմ զեկուցման մեջ նշել եմ, որ կառավարությունը կգնահատի հնարավորությունները՝ ֆինանսական աջակցություն տրամադրելու կամ այլ տիպի աջակցություն տրամադրելու մասով: Այդ աջակցությունը կարող են լինել սոցիալական աջակցության ծրագրեր, կարող են ներառվել տարբեր փաթեթներում այդ անձինք: Այդ ամենը պայմանավորված է կառավարության և պետության բյուջեի հնարավորություններով»:

Նախարարի խոսքով՝ բոլոր մանրամասները հաշվի կառնվեն և կներկայացվեն նախարարությանն ու հանրությանը: Զեյնալյանի խոսքով՝ դեռ չկան հստակ, ստույգ տվյալներ, թե որքան մարդիկ են օգտվելու այդ աջակցությունից: Պետք է նաև նմանօրինակ տվյալները հավաքագրվեն և ըստ այդմ, հնարավորությունները համադրվեն մարդկանց քանակի հետ:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի կողմից միաձայն ընդունվեց «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի նախագիծը:

Ասպրամ Փարսադանյան