Արդեն տեղեկացրել էինք, որ այսօր, Սահմանադրական դատարանի առջև մի քանի քաղաքացիներ ակցիա են իրականացնում: Ակցիայի մասնակից Ռուբեն Հովակիմյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստան է եկել նոր իշխանություններին օգնելու համար, որպեսզի Հայաստանում վերականգնվի արդարությունը: Հովակիմյանի խոսքով՝ արդեն տասը տարի է՝ ընտանիքի հետ ապրում է արտասահմանում, լսել է Լենա Նազարյանի հայտարարությունը (որ բոլոր քաղաքացիները դատավորների վատ աշխատանքի վերաբերյալ փաստերը կարող են ներկայացնել ԱԺ) և եկել է Հայաստան՝ ներկայացնելու իր խնդիրը: Հովակիմյանը պահանջում է ՍԴ նախագահի՝ Հրայր Թովմասյանի հրաժարականը:

«Ես պատերազմ անցած մարդ եմ, եղել եմ Էջմիածնի շրջանի Արաքս համայնքի ղեկավար, հիմա գիրք եմ գրում: 2008 թվականին իմ ընտրողներից միայն 120-ը ձայն տվեցին Սերժին, որովհետև ես ընդդիմադիր էի: Այդ պատճառով կառավարությունը, որպեսզի վրեժը հանի, հոկտեմբերի 27-ին՝ 12 հոգի դիմակներով մտան իմ տուն, իբր, զենք բռնագրավելու: Դրանից առաջ ես իմ ունեցած զենքը ինքնակամ հանձնել էի, իրենք այդ օրը զենք գցեցին իմ տուն, և սկսվեց դատավարություն: Ուզում էին աչքս վախեցնել, բայց քանի որ ես պատերազմի մասնակից էի և հիվանդ էի, ինձ վեց ամիս կալանք վճռեցին»,-մեզ հետ զրույցում ասաց Հովակիմյանը: Ակցիայի մասնակիցը հավելեց, որ վճռից հետո դիմել է Վերքննիչ դատարան, որտեղ որոշումը չի փոխվել: Դրանից հետո, ինչպես կարգն է՝ դիմել է Վճռաբեկ, որտեղի որոշմամբ նրան ազատ են արձակել և չեղարկել որշումը, սակայն դրա մասին Հովակիմյանն իմացել է ամիսներ անց միայն՝ կալանավայրից դուրս գալուց հետո:

Այսօր նա եկել է խոսքերը հաստատող փաստաթղթերով, որոնք ցանկանում էր փոխանցել Լենա Նազարյանին, սակայն այսօր դա չի հաջողվել նրան: Հովակիմյանը դիմել է այդ ժամանակ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, պահանջելով, որ դատավորները ներողություն խնդրեն իրենց սխալի համար: «Մարդիկ Հայաստանը լքում են ոչ միայն սոցիալական խնդիրների պատճառով, այլ նաև անարդարության պատճառով»,- եզրափակեց Հովակիմյանը:

Ասպրամ Փարսադանյան