ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը գիտի, թե ինչ նյութեր են անհետացել ԱԱԾ-ից: Այս մասին Վանեցյանն ասաց այսօր՝ հունիսի 5-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Այդ մասով քրեական գործ չի հարուցվել, որովհետև դա յուրահատկություններ պարունակող գործ է, որը պետք է ամբողջությամբ բացահայտվի, որպեսզի որևէ մեկի մոտ կասկած չլինի, թե մենք փորձել ենք կոծկել այդ փաստաթղթերի անհետացումը կամ դրանց հետ կապված ինչ-ինչ գործեր չեն բացահայտվի: Ուղղակի շատ մեծ ծավալի աշխատանք է տարվում Ազգային անվտանգության տեսչական և ներքին անվտանգության վարչության կողմից, բայց կարծում եմ, որ առաջիկայում կավարտվի և կփոխանցվի քննչական մարմին, և քննչական մարմինը հետագայում պարզաբանումներ կտա»,- ասաց Վանեցյանը` հավելելով, որ գիտի, թե ինչ նյութեր են անհետացել:

Մայիսի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ նախորդ իշխանությունները Ազգային անվտանգության ծառայությունում որոշ փաստաթղթեր են ոչնչացրել հեղափոխությունից որոշ ժամանակ առաջ: