ՀՀ Գլխավոր դատախազությունը գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպանների՝ հանցագործության մասին հաղորդումը ստացել է և ուղարկել ՀՔԾ՝ նյութեր նախապատրաստելու: Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ին տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Սակայն մեզ հետ զրույցում Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանն ասաց, որ հաղորդումը ՀՔԾ-ն դեռ չի ստացել:
 
Նշենք՝ հունիսի 4-ին Մանվել Գրիգորյանի փաստաբանները հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել իրավապահներին՝ իրենց պաշտպանյալին տեսակցել արգելելու համար։

Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանի խոսքով՝  հունիսի 4-ին շուրջ 4 ժամ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ի վարչակազմը առանց պատճառաբանության թույլ չի տվել պաշտպանական կողմից տեսակցել Գրիգորյանին, ինչից հետո Բաղդասարյանը՝ փաստաբանի մասանգիտական գործունեությանը խոչընդոտելու փաստով  հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել:

Հիշեցնենք, որ հունիսի 3–ին Մանվել Գրիգորյանին «Նաիրի» ԲԿ-ից  տեղափոխել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ, որտեղից էլ իր կամքին հակառակ՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։

Առավոտյան Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացել է, նրան «Դատապարտյալների հիվանդանոց»-ից տեղափոխել են «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ Նա կոմայի մեջ է։ Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը տեղի ունեցածը որակում է դաժան վերաբերմունք ու խոշտանգում Մանվել Գրիգորյանի նկատմամբ, որի հետևանքների պատասխանատուն լինելու է պետությունը։