Օրերս Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը հայտարարեց, որ պատրաստվում է նոր նախագիծ մշակել։ Ըստ Պողոսյանի նախագծի՝ հոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ չեն կարողանա դառնալ պատգամավոր։ Մամուլում տարածվեց նաև, որ նման գաղափար պատգամավորի մոտ առաջացել է Գևորգ Գորգիսյանի հետ՝ «Պաշտպանության և անվտանգության հարցերի» մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ունեցած վիճաբանությունից հետո։

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Գորգիսյանն ասաց, որ որևէ կերպ չի մեկնաբանի մամուլում շրջանառվող քննարկումները։ Մեր այն հարցին, թե արդյո՞ք Աժ-ում կա նման նախադեպ և նախագծի անհրաժեշտություն, Գորգիսյանն ասաց. «Ազգային ժողովի պատգամավոր դառնալու համար բոլոր նախապայմանները սահմանված են Սահմանադրությամբ։ Եթե մեր գործընկերուհին ուզում է սահմանադրական փոփոխության փաթեթ պատրաստել՝ թող պատրաստի, մենք կտեսնենք, եզրակացություն կանենք։ Այսպես չեմ կարող մեկնաբանել, քանի որ այդ ամենը չի կարելի կարգավորել որևէ օրենքով, չի կարելի փոփոխել։ Կարծում եմ, որ պատգամավորը դա գիտի»։

Գորգիսյանը նշեց, որ նման նախագիծ ընդունելու անհրաժեշտություն չի տեսնում։

Նրա խոսքով՝ «Լուսավոր Հայաստան»խմբացկությունում կա 18 պատգամավոր և բոլորը հավասարակշիռ և կոմպետենտ մարդիկ են։ «Եթե տիկին Պողոսյանն իր շփումներից կարծում է, որ կա նման անհրաժեշտություն Ազգային ժողովում... Չգիտեմ։ Բայց նորից եմ կրկնում, որ դա չի կարող կարգավորվել որևէ օրենքով, դրա համար պետք է սահմանադրական փոփոխություններ արվեն, կարծում եմ՝ տիկին Պողոսյանը գիտի դրա մասին»,- եզրափակեց Գորգիսյանը։