Փորձագետները պնդում են․ հակածխախոտային նոր օրենքի նախագիծը ավելի շատ կանխարգելում է սիգարետի օգտագործումն ապագայում, քան օգնում ներկայիս ծխողներին ձերբազատվել վնասակար սովորույթից։ Այնպիսի երկրում, որտեղ ծխող է տղամարդկանց կեսից ավելին, նման մոտեցումն անընդունելի է։ Անհրաժեշտ է մշակել խելամիտ ու նաև ֆինանսապես ընդունելի այլընտրանքային մեթոդներ, որոնք հենց ծխողներին կօգնեն դադարեցնել ծխելը։

Օրեր առաջ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը հայտարարություն էր տարածել հակածխախոտային օրենքի նոր նախագծի վերաբերյալ։ Հայտարարության մեջ նշվում էր, որ հակածխախոտային նախագիծը կարող է դառնալ կոռուպցիոն ռիսկերի և այլ բարդությունների ծագման աղբյուր՝ օրենքի կիրառման և վերահսկման տեսանկյունից։

Բացի այդ, նախագծի մեջ խորհուրդը հակածխախոտային նախագծի մեջ ունի էական բացթողումներ և անճշտություններ է գտել․ նախագիծն ունի շարադրման հստակության խնդիր, ինչը կարող է բերել տարաբնույթ մեկնաբանման։ Կոալիցիան մտավախություն է հայտնել, որ նման մշակմամբ նախագծի ընդունումը կարող է բերել հասարակության կողմից Օրենքի նկատմամբ վստահության կորստի՝ դրանում առկա բացթողումների և անհավասար կիրառման հետևանքով։ Հակակոռուպցիոն կոալիցիան նշել է, որ հակածխախոտային պայքարը պետք է լինի պրոֆեսիոնալ, չափելի և հստակ, հետևաբար անհրաժեշտ է նախագծի վերաբերյալ ծավալել հանրային քննարկումներ և վերջնական քննարկման ներկայացնել մի նախագիծ, որը հիմնված կլինի հանրային համաձայնության վրա։

«Հայկական առողջապահական ազգային խորհուրդ» կոալիցիայի նախագահ, Կակակոռուպցիոն կոալիցիայի վարչության անդամ Գևորգ Գրիգորյանը հայտարարությունը մեկնաբանեց հետևյալ կերպ․

«Ինչպես նշված է հակակոռուպցիոն կոալիցիայի տարածած հայտարարության մեջ, մենք միանշանակ կողմ ենք ՀՀում հակածխախոտային պայքարին ու ցանկացած գործունեությանը, որ ուղղված է ՀՀ բնակիչների շրջանում ծխախոտի օգտագործման նվազեցմանն ու ծխողների թվի կրճատմանը։ Մենք կարևորում ենք առողջության պահպանումն ու հիվանդությունների կանխարգելումը։ Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է փաստել, որ օրենք ընդունելը ինքնանպատակ չէ։ Օրենքը մշակելիս և ընդունելիս պետք է հաշվի առնել տարբեր գործոններ ու ազդեցության ոլորտներ․ տնտեսական, իրավական, առողջապահական։

Առողջապահական առումով նշեմ, որ օրենքը ներկայումս ծխող ազգաբնակչության խնդիրը չի լուծում։ ՀՀ առողջապահական մարմիններն էլ նշում են, որ օրենքն ավելի շատ կանխարգելում է սիգարետի օգտագործումն ապագայում, քան օգնում ներկայիս ծխողներին ձերբազատվել վնասակար սովորույթից։ Այնպիսի երկրում, որտեղ ծխող է տղամարդկանց կեսից ավելին, նման մոտեցումն անընդունելի է․ այն մարդասիրական չէ և չի բխում մարդասիրական հիմքերից։ Անհրաժեշտ է մշակել խելամիտ ու նաև ֆինանսապես ընդունելի այլընտրանքային մեթոդներ, որոնք հենց ծխողներին կօգնեն դադարեցնել ծխելը։

Տնտեսական բաղադրիչը գերկարևոր հարց է, որի կտրվածքում նույնպես պետք է վերլուծել օրենքը։ Ինչպես գիտեք, Հայաստանում խոշորագույն հարկ վճարողների առաջին տասնյակում մեկից ավելի ծխախոտային ընկերություն կա, և անհետևողական քայլերը կարող են տվյալ դեպքում բերել հարկային մուտքերի լուրջ նվազեցման։

Վերջապես, սովորույթային կոնտեքստը․ մենք պետք է հասկանանք, որ օրենք ընդունելիս ոչ թե եվրոպական կամ մեկ այլ օրենք պետք է բառացի թարգմանենք ու ընդունենք, այլ պետք է ադապտացնենք մեր երկրի իրականությանը։ Այլ կերպ ասած, օրենքն անհրաժեշտ է, սակայն ոչ այդ տեսքով։ Հակակոռուպցիոն կոալիցիան ու հայկական առողջապահական ազգային խորհուրդ կոալիցիան պատրաստակամություն են հայտնում աջակցել օրենքն ամբողջական տեսքի բերելու և բալանսավորելու հարցում։ Օրենքը մշակելիս ու ընդունելիս կարևոր հանգամանք է վերջինիս կիրառելի լինելը, իսկ այս տեսքով օրենքը բերելու է տարընթերցումների, կոռուպցիոն ռիսկերի ու ոչ լիարժեք կիրառման»։

Հայտարարության ամբողջական տեքստը հասանելի է այստեղ․

Ողջունելով առողջության վրա ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործմամբ պայմանավորված բացասական ազդեցությունից և ծխախոտի ծխի վնասակար հետևանքներից, ինչպես նաև սոցիալական ու տնտեսական ոլորտների և շրջակա միջավայրի վրա դրանց բացասական ներգործությունից ներկա և ապագա սերունդներին պաշտպանելուն ուղղված ջանքերը,
Կարևորելով Հայաստանում ծխելու մակարդակի կրճատմանն ու կյանքի որակի բարձրացմանը, ինչպես նաև բնակչության ընկալումներում ծխելը որպես անառողջ և մերժելի վարքագիծ արմատավորելուն ուղղված նախաձեռնությունները, վստահ լինելով, որ առողջ ազգաբնակչություն ունենալու նախապայմաններից կարևորագույնն են պետությունների՝ ծխելու դեմ պայքարին ուղղված նախաձեռնությունները,
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան հայտնում է իր մտահոգությունը e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրված «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ և գտնում է, որ հիշյալ Նախագիծն ունի էական բացթողումներ և անճշտություններ, որոնք կարող են բերել ոչ միայն տարաբնույթ մեկնաբանությունների, այլև հանդիսանան կոռուպցիոն ռիսկերի և այլ բարդությունների ծագման աղբյուր՝ Օրենքի կիրառման և վերահսկման տեսանկյունից։

Ավելին, արդյունքում դա կարող է բերել նաև հասարակության կողմից Օրենքի նկատմամբ վստահության կորստի՝ դրանում առկա բացթողումների և անհավասար կիրարկման հետևանքով։

Կոալիցիան վստահ է, որ առողջ ազգաբնակչություն ունենալուն միտված պայքարը պետք է լինի պրոֆեսիոնալ, չափելի և հստակ, ուստիև կոչ է անում ՀՀ առողջապահության նախարարությանը ծավալել հանրային քննարկումներ հիշյալ Նախագծի վերաբերյալ և վերջնական քննարկման ներկայացնել մի նախագիծ, որը հիմնված կլինի հանրային համաձայնության վրա։

Կոալիցիան հայտնում է իր պատրաստակամությունը վարել կառուցողական երկխոսություն, համագործակցել Նախագծի հստակեցման և վեր հանված բացթողումների շտկման ուղղությամբ, ինչպես նաև կազմակերպել հանրային քննարկումներ և տրամադրել փորձագիտական աջակցություն բարձրացրած հարցադրումներին ու մտահոգություններին պատշաճ կերպով արձագանքելու պարագայում»։