Քիչ առաջ Կենտրոն և Նորք֊Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկած Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը հետաձգվեց մինչև հունիսի 18֊ը։ Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բարսեղյանը ներկայացրեց համապատասխան փաստաթուղթ՝ առողջական վիճակի վերաբերյալ՝ նշելով, որ առողջական վիճակի պատճառով նրան հնարավոր չի եղել տեղափոխել դատարան:

Դատավորը նաև ընթերցեց քաղաքացի Աշոտ Իսախանյանի բողոքն ընդդեմ Մանվել Գրիգորյանի, որը վերջինիցս պահանջում էր 5մլն դոլար փոխհատուցում։ Նշենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։

Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։ Մանվել Գրիգորյանի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Ամիրյանի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը։

Սոնա Հարությունյան