Մոսկվայի դատարանը կալանավորման հրաման է տվել հունահռոմեական ըմբշամարտի սպորտի վարպետ Սերգեյ Չուևի սպանության գործով կասկածյալներին:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, քննության տվյալներով՝ 34-ամյա Սերգեյ Չուևը նկատել է, որ երեք խուլիգան ծաղրում և քաշքշում են հղի կնոջը և նկատողություն է արել: Ի պատասխան, երեք խուլիգանները սկսել են դաժանաբար ծեծել տղամարդուն, բազմաթիվ հարվածներ հասցնելով գլխի հատվածում: Երբ ուժասպառ եղած մարզիկը ընկել է ջուրը, հանցագործները շարունակել են նրան հարվածներ հասցնել, մինչև Սերգեյը ջրի տակ չի անցել:

Տղամարդկանց խումբն այնուհետև ծեծել է Չուևի ընկերուհուն և զբոսայգում հանգստացող այլ մարդկանց:

Մոսկվայի ամբողջ ոստիկանությունը ոտքի է հանվել և մի քանի ժամ օպերատիվ-հետախուզական աշխատանքներից հետո հաջողվել է հանցագործներին հայտնաբերել և ձերբակալել: