«Ես միանշանակ կիսում և պաշտպանում եմ Գագիկ Ծառուկյանի տեսակետը»,-Politik.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ տեսակետ ունի ԱԺ-ում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյան հայտնած այն մտահոգության վերաբերյալ, թե Աբովյանում քաղաքապետի ընտրություններից մեկ օր առաջ ավտոմեքենայի  և բնակարանի դռան հրդեհման դեպքը կարող էր կազմակերպված լինել:

«Մենք խմբակցությունում ունենք շատ ողջամիտ կասկածներ առ այն, որ Աբովյանում տեղի ունեցած այսպես կոչված «պաժառ» շոուն եղել է կազմակերպված: Ես անձամբ՝ որպես պատգամավոր, ունեմ ողջամիտ կասկած առ այն, որ այդ ամենը եղել է հստակ կազմակերպված՝ ընտրական գործընթացի վրա ստվեր գցելու և թեկնածուներից մեկի վարկանիշը նվազեցնելու նպատակով: Ես՝ որպես ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ, դիմում եմ մեր ոստիկանությանը: Կարծում եմ՝ տեղի ունեցածը Ջոն Քենեդու սպանությունը կամ դարի հանցագործույունը չէ, որ հնարավոր չլինի բացահայտել: Մենք անհամբեր սպասում ենք, ոստիկանության բացահայտմանը»,-նշեց Նաիրա Զոհրաբյանը:

Պատգամավորն ընդգծեց՝ մարդիկ ընդամենը քաղաքական բոնուսներ հավաքելու համար կարող են հրդեհել դուռ, որի հետևում յոթ երեխա կա քնած. «Նաև բարոյական առումով է անթույլատրելի, որ սա չբացահայտվի: Կստացվի, որ մեր կասկածները, թե գնում է տեղի ունեցածի կոծկում, և այդ ամենը իրականում կազմակերպված է եղել, կհաստատվեն: Այս պրիմիտիվ սադրանքն այն դեպքը չէ, որի բացահայտման համար ոստիկաններից պահանջվեն հսկայական ժամանակ ու ջանքեր: Եթե առաջիկա օրերին չբացահայտվեց և չհրապարակվեց այն անձի կամ անձանց, անունը (անունները), ով (ովքեր) կազմակերպել են այս անբարո «պաժառ» օպերացիան, մենք ստիպված կլինենք արձանագրել, որ այդ ամենը կազմակերպված էր, և չբացահայտելը նպատակ ունի քողարկելու կազմակերպիչներին»,-ամփոփեց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հարցերի հանձնաժողովի նախագահը: