Մեր զրուցակիցն է «Անի Արմ» պարային խմբի հիմնադիր ու գեղարվեստական ղեկավար Արմինե Աղաջանյանը

-Արմինե, ի՞նչ է պարը Ձեզ համար


-Պարը ինքդ քեզ, քո ակունքներին մոտենալու շատ յուրօրինակ ճանապարհ է, պարը սեր է, որ քեզ ուղեկցելու է ողջ կյանքի ընթացքում, պարը հավատ է, ներաշխարհի հույզերը արտահայտելու միջոց : Գոնե ինձ համար այդպես է:


–Որտեղի՞ց և ե՞րբ է սկսվել պարարվեստի հանդեպ Ձեր մեծ սերը:


- Շատ վաղ հասակից չեմ զբաղվել պարարվեստով, բայց երբ ոտք դրեցի «Բարեկամություն» պետական անսամբլի մանկապատանեկան ստուդիա, արդեն իսկ հաստատուն քայլեր անելու նպատակով, անգամ չհասցրեցի նկատել որ պարարվեստի գերին եմ, մոլի երկրպագուն: Խորին երախտիքով պետք է նշեմ, որ «Բարեկամություն» պետական անսամբլի գեղարվեստական ղեկավար Նորայր Մեհրաբյանի շնորհիվ, որպես բեմադրիչ, հնարավորություն ունեցա պարարվեստում ձևավորել իմ ոճը, ճաշակը եւ աշխատելաձեւը։ Շնորհակալ եմ իմ առաջին ուսուցչից ու հպարտ եմ, որ եղել եմ պարարվեստի երախտավոր Նորայր Մեհրաբյանի սանը:

- Պարի միջոցով հնարավո՞ր է օտարներին ասել, թե ովքեր են հայերը:


- Իհարկե: Հայկական ազգային ժողովրդական պարերի միջոցով մենք առաջին հերթին փորձում ենք ճանաչել ինքներս մեզ, փորձում ենք ճանաչել մեր պատմությունը, լեզուն ու մշակույթը: Մենք ունենք ազգային պարեր, որոնց ասելիքը մեծ է և դրանցով մատաղ սերնդի մեջ հայրենասիրություն է ներարկվում: Ունենք պարեր, որ օտարներին ներկայացնելիս հպարտությամբ արձանագրում ենք, որ դրանք մեր դարավոր պայքարի ու հաղթանակների մասին պատմող պարեր են:

-Որպես խմբի ղեկավար և պարուսույց որքանո՞վ եք կարևորում մատաղ սերնդի ոչ միայն ֆիզիկական, այլև' հոգևոր զարգացումը:


-Պետք է ասեմ, որ ինձ համար հոգեւոր զարգազումն առավել կարեւոր է։ Պարարվեստի միջոցով կրթելով երեխաներին, մենք պատրաստում ենք հայկական մշակույթի կրողներ, և այդ մշակույթը ուղեկցելու է նրանց ողջ կյանքի ընթացքում:

-Ի՞նչ ծրագրեր ունի խումբը ապագայում:


Ծրագրերը շատ են, պարզապես կնշեմ նրանցից մեկը՝ այցելել մեր պատմական մյուս մայրաքաղաքները, քանի որ արդեն եղել ենք Անիում, Կարսում, Վանում։


-Ի՞նչ ոճի պարեր եք ուսուցանում երեխաներին, ընդհանրապես պարարվեստում ի՞նչ ոճ եք նախընտրում:


-Պարարվեստի հիմքը դա դասականն է (իհարկե խոսքս չի վերաբերվում ազգային պարերին)։ Մեզ մոտ սովորում ենք դասական, հայկական ժողովրդական, տարբեր ազգերի ժողովրդական պարեր, ինչպես նաև մեր անզուգական ազգային պարերը։


-Ձեր ամենօրյա աշխատանքում սովորաբար ի՞նչ խնդիրների եք հանդիպում։


-Խնդի՞ր... Միակ խնդիրն ինձ մոտ ժամանակի սղությունն է։


-Օրեր առաջ տեղի ունեցավ Ձեր հաշվետու համերգը.տոնեցիք «Անի-Արմ» պարային խմբի 7 ամյա հոբելյանը: Որպես խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար ի?նչ զգացումներ ունեք.


Նշեմ, որ յուրաքանչյուր տարի պատասխանատվությունը էլ ավելի է մեծանում, քանի որ խմբի ստեղծման պատմությանը նոր կենսագրական էջեր են ավելանում: Անցած տարիները պարտավորեցնում են, որ յուրաքանչյուր տարի նոր բեմադրություններով, նոր հագուստներով եւ ամենակարեւորը' նոր ասելիքով ներկայանանք։


-Ո՞րն է Ձեր կարգախոսը


- Միշտ քայլել առաջ...


-Ինչի՞ց եք վախենում


- Չհասցնելուց...


-Եթե հնարավորություն լիներ դիմել Աստծուն, ի՞նչ կխնդրեիք:


-Խաղաղություն:

Լիլիթ Ավետիսյան