Արտակ Զեյնալյանի հրաժարականից հետո լուրեր տարածվեցին, թե արդարադատության նախարար կնշանակվի նախկին փաստաբան, 2018-ի մայիսին ՊԵԿ նախագահի տեղակալ նշանակված Ռուստամ Բադասյանը, որն ըստ խոսակցությունների' վայելում է Նիկոլ Փաշինյանի վստահությունը։ Ընդդիմադիրները նրան մեղադրում են Սորոսի հետ կապի մեջ և նշում, որ արդարադատության նախարարի պաշտոնում նրա նշանակումը լինելու է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանի միջնորդությամբ։

«Նման առաջարկ չեմ ստացել և չգիտեմ, թե որտեղից են այդ խոսակցությունը»,-ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Ռուստամ Բադասյանը։ Անդրադառնալով Սորոսի հետ կապի խոսակցություններին՝ նա նշեց, որ դրանց հումորով է վերաբերվում։

Նշենք, որ երեկ սոցցանցերում կասկածի տակ էին առել նաև Բադասյանի՝ Զինված ուժերում ծառայությունից ազատվելու օրինականությունը։ Այս կապակցությամբ Ռուստամ Բադասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Վերջին շրջանում ֆեյսբուքի տիրույթում որոշել են ինձ նշանակել պետական տարբեր պաշտոնների: Քանի որ վերջապես հնչել է հասարակության համար հետաքրքրություն ներկայացնող խնդիր իմ անձի հետ կապված' բանակում չծառայելու օրինականության մասով, առաջարկում եմ'
- ցանկացած լրագրողի տրամադրել լիազորագիր զինվորական ծառայությունից ազատվելու պատճառները ուսումնասիրելու համար պետական մարմիններից իմ վերաբերյալ անձնական գաղտնիք կազմող տեղեկություններ ձեռք բերելու համար:

- ուսումնասիրությունից հետո (ռենտգեն նկարներին և բժշկական եզրակացություններին չհավատալու դեպքում) անցնել բժշկական հետազոտություն (մանավանդ որ վաղուց չեմ անցել) ՀՀ ցանկացած բժշկական հաստատությունում զինվորական ծառայությունից ազատվելու օրինականությունը հաստատելու համար»,- գրել է նա:

ԼՈՒՐԵՐ․com-ը Բադասյանից խնդրեց տրամադրել բանակում չծառայելու վերաբերյալ փաստաթուղթը, սակայն վերջինս ասաց, որ այն Արաբկիրի զինկոմիսարիատում է՝ խոստանալով իրեն փոխանցելուց հետո անպայման տրամադրել մեզ։