Հայաստանի պետական ջազ նվագախումբը հուլիսի 11-ին' ժամը 20:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում ինքնատիպ համերգով կներկայանա ջազ վոկալիստ եւ շեփորահար Ռոնալդ Բեյքերի հետ (ԱՄՆ): Գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ՝ Ջազ նվագախումբը եւ Ռոնալդ Բեյքերը կկատարեն սիրված դասական եւ ժամանակակից ջազային ստեղծագործություններ:

Ռոնալդ Բեյքերը ծնվել է Բալթիմորում 1968 թ.-ին: Շեփոր նվագել սովորել է Բալթիմորի արվեստի դպրոցում, այնուհետեւ բակալավրի աստիճան է ստացել Օբերլինի կոնսերվատորիայում: Կարճ ժամանակում դարձել պահանջված շեփորահար եւ վոկալիստ: Բեյքերը հանդես է գալիս լավագույն ջազ փառատոներին այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Լու Դոնալդսոնը, Կյորտիս Ֆուլերտը, Ջեսի Դևիսը, Անտոնիո Հարթը և այլք: Ավելի քան 22 տարի շրջագայում է սեփական քառյակի հետ: 13 տարուց ավելի ծավալում է մանկավարժական գործունեություն:

Հուլիսի 11-ի համերգը կլինի Հայաստանի պետական ջազ նվագախմբի եւ Ռոնալդ Բեյքերի առաջին համագործակցությունը: Թե՛ նվագախումբը և թե՛ արտիստն անհամբերությամբ են սպասում առաջիկա համերգին եւ վստահեցնում են, որ այն իսկապես կհետաքրքրի հայ ունկնդրին:

Աղբյուրը՝ NEWS.am