Այսօր՝ հունիսի 12-ին, Ազգային ժողովում քննարկվում են տարածքային կառավարման, ենթակառուցվածքային ու այլ ոլորտների բյուջետային ծախսերի կատարումները 2018 թվականին։ Այսօր ևս նիստը համանախագահող Մանե Թանդիլյանի վրդովմունքն առաջացրեց ոլորտի պատասխանատուի բացակայությունը։ Այս անգամ Թանդիլյանը դժգոհեց Սուրեն Պապիկյանի բացակայությունից։ 

«Պարո´ն Տերտերյան, խնդրում եմ բացատրել, թե ինչու նախարարը այսօր ևս չի ներկայացել։ Ես տեղեկացա, որ երկրում չէ, բայց մենք խնդրել ենք, նաև իրենց ժամանակացույցների մեջ տեղավորելու համար, այս գրաֆիկը մեկ ամիս առաջ ուղարկվել է։ Ես պետք է խնդրեմ, որ անպայման տեղեկացվի նախարարը՝ սա արդեն երկրորդ հանդիպումն է Ձեզ հետ, որ այդ մասին զգուշացնում եմ՝ անհրաժեշտություն կա, որ բյուջեի քննարկմանը ներկայանան նախարարները, ովքեր մեկ ամիս առաջ իմանում են, որ այս օրը, այս ժամին տեղի է ունենալու այս քննարկումը»,- փոխնախարար Վաչե Տերտերյանին դիմելով՝ ասաց Թանդիլյանը։

Հիշեցնենք, որ երեկ էլ Թանդիլյանը դժգոհել էր աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարար Զարուհի Բաթոյանի բացակայությունից։