Երեկ հայկական համացանցային տիրույթը փոթորկվել էր այն տեղեկատվությունից, թե ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը շրջանառության մեջ է դրել ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը:

Պատգամավորն առաջարկում էր քրեականացնել իշխանության ներկայացուցչին հրապարակային վիրավորելու կամ նրա ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտելու նպատակով գործողություններ կատարելը և դրա համար պատժել տուգանքով կամ կալանքով:

Մասնավորապես, նախագծով առաջարկվում է, որ իշխանության ներկայացուցչին հրապարակային վիրավորելը' կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ' պատժվի տուգանքով' նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով:

Նախագծով առաջարկվում է նաև, որ իշխանության ներկայացուցչի ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտելու նպատակով գործողություններ կատարելը, եթե բացակայում են Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)'պատժվի տուգանքով' նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

Այսինքն՝ օրինագծով առաջարկվում է իրավական ապահովության երաշխիքներ սահմանել ոչ միայն՝ ոստիկանության ծառայողների, այլև' իշխանության բոլոր ներկայացուցիչների համար:

1.in.am-ի հետ զրույցում Արմեն Խաչատրյանն այսօր օրենքի նախագծից բոլոր բողոքողներին հարցնում է՝ թույլատրելի՞ է արդյոք վիրավորել իշխանության ներկայացուցչին հրապարակայնորեն, երբ նա կատարում է իր ծառայողական պարտականությունները։

«Այսօր ունենք բազմաթիվ դեպքեր, երբ իշխանության ներկայացուցիչը իր պարտականությունները կատարելիս արժանանում է հայհոյանքների, վիրավորանքների հանիրավի, և որևէ գնահատական դրան չի տրվում, որովհետև դրա օրենսդրական կարգավորումը չկա։ Մենք պետք է հանրությանն ասենք, որ նման արարքները դատապարտելի են, և չպետք է դրանք անել։ Իսկ դա կարելի է միայն անել օրենսդրական դաշտում, որից հետո նման դեպքերը կնախականխվեն»,- նշում է իշխանական պատգամավորը և հավելում, որ, այնուամենայնիվ, հանրային արձագանքն իր համար շատ կարևոր է։

Արմեն Խաչատրյանն ասաց, որ այսօրվանից քննարկումներ կունենա բոլոր շահագրգիռ անձանց և կազմակերպությունների հետ, ովքեր բացասական կարծիք ունեն, պատգամավորների հետ, ովքեր ունեն առաջարկություններ, դիտողություններ։

«Եվ նույնիսկ, որպեսզի հանրային ընկալումն ինձ համար ավելի հասկանալի լինի, և ավելի շատ կարողանանք տեղեկացնել հանրությանը այս նախագծի վերաբերյալ, հնարավոր է՝ առայժմ հետ կանչեմ նախագիծը, այդ բոլոր քննարկումներն անենք, որից հետո կերևա նաև հետագա ընթացքը»,- ասաց Արմեն Խաչատրյանը՝ նշելով, սակայն, որ ինքը ձեռնամուխ է լինելու այդ նախագծի կյանքի կոչմանը, որովհետև վստահ է, որ առ այս պահը դրա անհրաժեշտությունը կա։

Լավ է, որ «Իմ քայլի» պատգամավոր Արմեն Խաչատրյանը հասկանում է, որ սխալ է իր ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում իշխանության ներկայացուցչին վիրավորելը, սակայն շատ վատ է, որ նոր է դա հասկանում։

Իսկ երբ ինքը նախորդ իշխանության ժամանակ պետական բարձր պաշտոն էր զբաղեցնում, այն ժամանակ թույլատրելի՞ էր այդ մոտեցումը թե՞ եթե այն ժամանակ այդ վիրավորանքներ հասցնողը այսօրվա իշխող քաղաքական ուժն ու նրա առաջնորդն էին, դա կարելի էր անել, ու ճիշտ էր կամ գոնե սխալ չէր, իսկ այսօր դա կատեգորիկ թույլատրելի չէ։

Ինչևէ, թերևս, Արմեն Խաչատրյանը աղմկահարույց նախագիծը հետ կկանչի, կարվեն քննարկումներ, կհնչեն կարծիքներ, սակայն մեկ բան ակնհայտ է. իշխանությունները կցանկանան ամեն գնով ունենալ նման օրենք, հատկապես որ, «Իմ քայլի» պատգամավորը շեշտում է, որ ամեն դեպքում ձեռնամուխ է լինելու այդ նախագիծը կյանքի կոչելուն։

168.am-ը «Իրավական կրթություն և վերահսկողություն» հ/կ նախագահ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանին խնդրեց մեկնաբանել Արմեն Խաչատրյանի ներկայացրած օրենքի նախագիծը։

«Ես կարծում եմ, որ սա բացառապես այս պատգամավորի նախաձեռնությունն է։ Վստահ եմ, որ սա ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ առանձին պատգամավորի մտքի անհաջող թռիչքն է, որովհետև հակառակ պարագայում դա նշանակում է՝ ուղիղ ճանապարհ դեպի բռնապետություն»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը։

ԱԺ նախկին փոխխոսնակը պնդում է, որ այս նախագիծը որևէ միջազգային չափանիշի չի համապատասխանում բացարձակապես, թե՛ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ), թե՛ Վենետիկի հանձնաժողովը, և թե՛ մնացած բոլոր միջազգային կառույցները ուղղակի անարգանքի սյունին կգամեն, եթե այս նախաձեռնությունն ընդունվի։

«Սա խայտառակություն է, և ասեմ ավելին, եթե այդչափ մտահոգված են վիրավորանքով ու ատելության խոսքով առհասարակ, ավելի տրամաբանական կլիներ առաջարկը ներկայացնել առհասարակ վիրավորանքի հետ կապված։ Այդ դեպքում ես կհասկանայի գոնե մտահոգության ինչ-որ չափաբաժին և ոչ թե՝ սեփական շահերով առաջնորդվելու մղում։ Ի՞նչ է, իշխանությունների արյունը կապո՞ւյտ է, որ իրենց վիրավորել չի կարելի։ Մյուսներին կարելի է, իրենց՝ ո՞չ»,- տարակուսեց Ա. Հովհաննիսյանը։

Վերջինս նշում է, որ ուզում է վստահություն ունենալ, որ թե իշխանական խորհրդարանական խմբակցությունը, և թե անձամբ վարչապետ, նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանն ամեն դեպքում «ռետրոգրադ ամնեզիայի» հերթական դրսևորումը չեն ցուցաբերի, և այս նախաձեռնությունն ուղղակի բնում կխեղդվի։

«Ի դեպ, պարզվում է՝ դեռ 2005թ. ARTICLE 19-ը, Երևանի Մամուլի ակումբը, Հայաստանի ժուռնալիստների միությունը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Հետաքննող լրագրողների միությունը, «Թեամ» վերլուծական կենտրոնը և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը առաջարկել են ՀՀ քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի ուժը կորցրած ճանաչել, և կարծում եմ, որ այս կազմակերպությունները ևս ասելիք ունեն»,- եզրափակեց արդարադատության նախկին նախարարը։