Տավուշի մարզի Լուսահովիտի համայնքապետ 35-ամյա Գրիգոր Սարհատյանը երեկ' հունիսի 14-ին, հրազենային վնասվածք է ստացել Իջևան քաղաքում, վիճաբանությունից հետո: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

«Գրիգոր Սարհատյանը այժմ գտնվում է «Էրեբունի» ԲԿ-ում, նրա վիճակը կայուն է»,- ասաց մարզպետը:

նա նշեց, որ չի ցանկանում գնահատականներ տալ կատարվածին, քանի որ իրավապահները զբաղվում են և կպարզեն կատարվածի հանգամանքները:

«Տավուշի մարզի Լուսահովիտ գյուղի գյուղապետի ուղղությամբ արձակված կրակոցի դեպքի առթիվ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Նա նշեց՝ ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումները դեպքի հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարող անձին հայտնաբերելու և նրա գործողություններին քրեաիրավական գնահատական տալու վերաբերյալ:

Սոնա Հարությունյան