ՌԴ քննիչները Խաչատուրյան քույրերին իրենց հոր սպանության համար վերջնական մեղադրանք են առաջադրել՝ նախնական համաձայնությամբ սպանություն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոյին հղումով:

Նրանց 8-ից 20 տարվա ազատազրկում է սպառնում:

Պետրենկոյի խոսքով՝ քննիչները ձեռնարկել են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ մեղմացուցիչ հանգամանքները պարզելու համար, այդ թվում՝ հոգեբանա-հոգեբուժական փորձաքննություններ են նշանակել:

«Դրանց անցկացման ժամանակ որոշվել է քույրերի հոգեկան վիճակը»,- ասել է նա:

ՌԴ ՔԿ ներկայացուցչի համաձայն՝ Խաչատուրյան քույրերի հոր գործողություններին նույնպես համակողմանի իրավական գնահատական կտրվի:

Հիշեցնենք, որ մեծ աղմուկ հանած սպանությունը տեղի է ունեցել անցյալ տարվա հուլիսի 27-ին՝ Մոսկվայում: Տասնյոթ, 18, 19 տարեկան հարազատ քույրերը, այլևս չդիմանալով հոր՝ իրենց նկատմամբ դաժան ու կոպիտ վերաբերմունքին, դանակով բազմաթիվ հարվածներ են հասցրել նրան: Ձերբակալությունից հետո քույրերը խոստովանել են, որ հայրը տարիներ շարունակ տանջել է իրենց: Հարևաններն ու աղջիկների ընկերները պատմել են, որ հայրն իրեն պահում էր իսկական բռնապետի պես, հաճախ էր ցասման նոպաներ ունենում: Հատկանշական է, որ բոլոր հարցվածները քույրերի մասին միայն դրական բաներ են պատմել՝ նրանց բնութագրելով որպես համեստ, բարեհամբույր և հաշտ քույրեր: