«Կարծում եմ՝ ավելորդ է լրացուցիչ խոսել այն մասին, ինչ տեղի է ունենում վերջին դատավարության ընթացքում, որովհետև այն դռնբաց է և ամեն բան տեսանելի է»։ Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։

«Շատ կարևորում եմ ասել հետևյալը՝ երբ 2019-ի մայիսի 18-ին Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց, դատարանների նկատմամբ տեղի ունեցան աննախադեպ ճնշումներ, և այդ ճնշումները նպատակ ունեին ոչ միայն պատժել այն դատավորին, ով համարձակվեց պարոն Քոչարյանին ազատ արձակել, այլ նաև ահաբեկել այն դատավորներին, ովքեր ապագայում պետք է քննեն Քոչարյանի գործը։ Այսինքն՝ ցանկացած դատավոր այսուհետ, ով գործ կունենա Քոչարյանի քրեական գործի հետ՝ ինքն արդեն հասկանում է, թե ինչ տեղի կունենա, եթե իր կողմից կայացվելիք դատական ակտը դուր չգա այսօրվա գործադիր և օրենսդիր իշխանությանը»,-ասաց Ալումյանը։

Անդրադառնալով Սահմանադրական դատարանի դիմաց անցկացվող բողոքի ակցիաներին՝ Ալումյանը նշեց, որ դա ուղղակի անթույլատրելի է, քանի որ ճնշում է Սահմանադրական դատարանի հանդեպ և իրավապահ մամիններն անգործության են մատնված և այդ ուղղությամբ ոչ մի քայլ չեն ձեռնարկում։

Հարցին, թե ինքը տեղեկություն ունի՞, թե ինչ են քննարկել ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինը և Ռոբերտ Քոչարյանը, և արդյո՞ք Ռուսաստանի կողմից կա՞ աջակցություն, Ալումյանը հրաժարվեց պատասխանել՝ ասելով․ «Ձեր տված հարցերում ոչ մի իրավաբանական կոմպոնենտ չկա, ես իրավաբան եմ և քաղաքական մասը չեմ կարող լուսաբանել»։