Գեներալ Մանվել Գրիգորյանի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին պատկանող ծիրանի այգին այրվել է։ Տեղեկությունը ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում հաստատեց ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, նախարարի մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանը։

«Երեկ երեկոյան ժամը 19։43-ին ԱԻն ահազանգ է ստացվել, որ Էջմիածնի քաղաքում գտնվող՝ Նազիկ Ամիրյանին պատկանող տարածքն այրվում է։ Այրվել է 3․5 հեկտար խոտ, որտեղ գտնվել է 400 ծիրանի ծառ, որոնք, հավանաբար, վնասվել են։ Մեր ջոկատը արագ հասել է դեպքի վայր և մեկ ժամվա ընթացքում հաջողվել է մարել հրդեհը։ 20։56-ին գործողությունն ամբողջովին ավարտված է եղել»,- ասաց Զարգարյանը։

Մենք կապ հաստատեցինք նաև Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի հետ՝ հասկանալու՝ արդյոք դիտավորություն տեսնո՞ւմ է կատարվածում, թե ոչ, սակայն վերջինս նշեց, որ հրդեհի վերաբերյալ տեղեկություն չունի․ «Ես հանձնարարեցի հետաքրքրվել՝ արդյոք հրդեհվել է տվյալ անձին պատկանող որևէ տարածք, ինձ փոխանցեցին, որ ոչ»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101 մլն 232 հազար 917 ՀՀ դրամի գույք յուրացնելու, 1 մլրդ 228 մլն 176 հազար 342 ՀՀ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1 մլրդ 225 մլն 3 հազար 300 ՀՀ դրամ վատնելու և շորթմամբ 37 մլն 101 հազար 100 ՀՀ դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Նազիկ Ամիրյանը մեղադրվում է այն բանում, որ ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր,ինչպես նաև կատարել տարբեր տեսակի հափշտակություններ։

Սոնա Հարությունյան