Այս պահին բողոքի ակցիա է տեղի ունենում Երևանի Սիլիկյան թաղամասում գտնվող «Շինֆորում» ՍՊԸ-ում: Գործարանի աշխատակիցները փակել են ճանապարհը՝ ի նշան գործարանի աշխատանքի դադարեցման:

Աշխատակիցների խոսքով՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի «մարդը»՝ Արկադի Շիրինյանը, ժամանակին «փայատեր է» դարձել, այնուհետև խլել է իրենցից գործարանը:

Գործարանի սեփականատեր Տիգրան Գասպարյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ 130 աշխատակիցները գործազուրկ են մնացել:

«Ես ցուցաբերել եմ պարզամտություն, ցուցաբերել եմ մարդկայնություն, իսկ իրենք կեղծ փաստաթղթերով, սպառնալիքով, շորթումով խլել են գործարանը մեր ձեռքից:

Էս արդեն մի տարի ա՝ ոչ մի բան չի փոխվել, ես ճանաչված եմ կրկնակի տուժող, իսկ Շիրինյան Արկադին՝ մեղադրյալ՝ շորթում, վաշխառություն և սպառնալիք հոդվածներով: Մեր պահանջը այն է, որ մեր գործարանը պետք է աշխատացնենք, այս պահին չի գործում»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Շինֆորում»-ի սեփականատերն ու հավելեց, որ գործն արդեն Քննչականի վարույթում է:

«Այս գործարանը Սիլիկյան թաղամասում գործող միակ գործարանն էր, սակայն մարկանց ծեծել, խլել են ձեռքից «ամենագռուբի» ձևի, ինչքան սպասենք, մեզ խաբել են, 130 հոգի բանվոր պարապ պիտի մնան, պատերի տակ սպասեն, թե ե՞րբ պիտի դատեն»,-ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկն ու հավելեց՝ գործարանից դուրս չեն գալու, մինչև այն կրկին չաշխատի:

Տիգրան Գասպարյանը նշեց, որ այս հարցով արդեն դիմել են ՀՀ վարչապետին, ԱԱԾ-ին, ՀՀ գլխավոր դատախազին: