Կառվարության շենքի դիմաց հավաքված Արագածոտնի մարզի Մելիքգյուղի բնակիչները պահանջում են բարեկարգել գյուղի ճանապարհները։

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Մելիքգյուղի բնակիչ Կարեն Ավետիսյանն ասաց, որ խնդրի մասին բազմիցս բարձրաձայնել են, բայց ոչինչ չի փոխվել: Հույս ունեն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կլուծի իրենց խնդիրը․ «Գյուղի ճանապարհները քանդված են, հնարավոր չի լինում գյուղ մտնել-դուրս գալ։ Մեր մեքենաները ամսվա ընթացքում երկու անգամ տանում ենք վերանորոգման, մեքենաները ջարդվում են, էլ հնարավոր չի այսպես։ Շատ ժամանակ տաքսիներն էլ են հրաժարվում մարդկանց տեղափոխել գյուղ կամ գյուղից այլ տեղ՝ զուտ անբարեկարգ ճանապարհների պատճառով։ Մեկը հիվանդ լինի՝ չեն կարա հասցնեն հիվանդանոց, ճանապարհի կեսից հետ կբերեն։ Որոշեցինք գալ կառավարություն, մեր խնդիրը բարձրաձայնել, տեսնենք լուծում կտրվի՞, հասկանանք՝ մնա՞նք գյուղում, թե՞ թողենք-գնանք էդ գյուղից»,- ասաց նա։

Նա նշեց, որ գրեթե մեկ տարի առաջ, երբ Փաշինյանն այցելել էր Մելիքգյուղ՝ խոստացել է լուծում տալ խնդիրներին․ «Ներկայացրել էինք մեր գյուղի խնդիրները, ասեց՝ ամեն բան լավ կլինի, անասնապահություն կզարգացնեք, ճանապարհներն էլ կբարեկարգվի։ Մենք հավատում ենք, որ իր տված խոստումը կկատարի»,- նշեց գյուղի բնակիչը։

Մելիքգյուղի բնակիչներին ընդունեց կառավարության Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը՝ խոստանալով խնդրի մասին զեկուցել վարչապետին։ Նրանք նաև նամակ հանձնեցին վարչապետի աշխատակազմին:

Սոնա Հարությունյան