Երեկ ավարտվեց ՔՊ 5-րդ համաժողովը, որը հեղափոխությունից հետո առաջինն էր՝ իշխող քաղաքական ուժի դերում: Մի կողմ դնելով այն հանգամանքը, որ համագումարը, ըստ էության, բացահայտեց հեղափոխական ուժի գաղափարական սնանկությունը, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ընտրված վարչության նոր կազմի վրա, որը ամբողջությամբ բացահայտում է այն դասավորումները և ներթիմային պայքարը, որն առկա է ՔՊ-ում՝ չնայած վարչապետ Փաշինյանի հերքումներին:

Սուրեն Պապիկյանի ընտրվելը վարչության կազմում նշանակում է մեկ բան՝ Փաշինյանը փորձում է բալանսավորել ՔՊ ներսում առկա թևերը, կուսակցության փաստացի ղեկավարումը հանձնելով իր այն թիմակցին, ով հայտնի է ոչ միայն իբրև «գորշ կարդինալ», այլ նաև ընդգծված հակասորոսական: Պետք է նաև նկատել, որ վարչության նոր կազմում չհայտնվեցին կուսակցության նախկին նախագահ Սասուն Միքայելյանը, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, օրերս ՔՊ–ական դարձած անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ինչպես նաև «սորոսական» համարվող ու հեղափոխությունից հետո ՔՊ–ում հայտնվածները։ Իհարկե, նոր վարչությունում կան սորոսական թևի ներկայացուցիչներ՝ նույն Արայիկ Հարությունյանը, և դա պարզ է, քանի որ բալանսավորումը՝ բալանսավորում, սակայն «գցել» սորոսականներին այս փուլում՝ Փաշինյանը չի կարող:

Միևնույն ժամանակ, նման կազմի ընտրությունը խոսում է այն հանգամանքի մասին, որ Փաշինյանին միանշանակ մտահոգում է սորոսականների ակտիվացումը՝ հատկապես պառլամենտում, և այսպիսով, վարչապետը փորձում է կանխել իրերի՝ իր համար ոչ ցանկալի ընթացքը: Ինչ վերաբերվում է ՔՊ նոր վարչության կազմում չընդգրկված անձանց, ապա այստեղ ևս կար ինտրիգ, որը, սակայն, շատ արագ հանգուցալուծվեց: Սասուն Միքայելյանի չհայտնվելը վարչության կազմում տրամաբանական է՝ Աբովյանում ՔՊ կրած վերջին խայտառակ պարտությունից հետո: Միքայելյանին իշխող քաղաքական ուժի թեկնածուին չաջակցելը չներվեց: Նոր վարչության կազմում չհայտնվեցին նաև Լենա Նազարյանը և Գարիկ Սարգսյանը՝ իշխանության թերևս ամենաօդիոզ կերպարները: Հասկանալի է, որ նման կերպարներից վարչության կազմի «չիստկան» առաջին հերթին անհրաժեշտ է հենց Փաշինյանին՝ կուսակցության վարկանիշի՝ էլ ավելի արագ չգահավիժելու համար: