Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի տեղեկություններով՝ Չեխիայի արդարադատության նախարարը եղբորը՝ Նարեկ Սարգսյանին արտահանձնելու վերաբերյալ համաձայնություն չի տվել։ Այս մասին այսօր դատարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանը:

«Իմ իմանալով, Չեխիայի արդարադատության նախարարը եղբորս արտահանձնելու վերաբերյալ համաձայնություն չի տվել»,-ասաց նա։

Անդրադառնալով հոր՝ Սաշիկ Սարգսյանի գտնվելու վայրին՝ Հայկ Սարգսյանը նշեց, որ նա բուժման նպատակով գտնվում է արտերկրում։

Ավելի վաղ ԼՈՒՐԵՐ․com-ին ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ Պրահայի մունիցիպալ դատարանը բավարարել է Նարեկ Սարգսյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու միջնորդությունը: ՀՀ գլխավոր դատախազության դիմումի հիման վրա Չեխիայի օրենսդրական իրավակարգավորումների և ընթացակարգերի պահպանմամբ Նարեկ Սարգսյանի հանձնման գործընթացը բնականոն շարունակվում է։

Արտահանձնման վերջնական որոշումը կկայացնի Չեխիայի արդարադատության նախարարը:

Հիշեցնենք` 2018թ․ հուլիսից միջազգային հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանին հայտնաբերել և ձերբակալել էին Պրահայում՝ 2018թ․ դեկտեմբերին։ Փաստաթղթերի ստուգման ժամանակ նա ներկայացրել էր Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալես անունով: 

Հունիսի 26-ին հարուցվել էր քրեական գործ՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով: