Հայաստանի Հանրապետությունում սնկային հիվանդություններով վարակված ծիրանի բերք չկա: Այս մասին հայտնում են ոլորտի մասնագետները:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության խորհրդատվության վարչության մասնագետ Սիմոն Ասատրյանի խոսքով՝ այս հարցով խուճապի մատնվելու խնդիր չկա:

«Այն ֆերմերը, որը հետևել է մասնագետների խորհրդին, այն ֆերմերը, որը հիվանդությունների և վնասատուների դեմ աշխատանքները կատարել է ճիշտ ժամանակին, նրա բերքը բարձր որակի է»,- ասաց Ասատրյանը:

Գյուղատնտես, բույսերի պաշտպան Կարեն Գաբրիելյանի խոսքով՝ սպառողները նույնպես կարող են չանհանգստանալ, որովհետև վարակված բերքը շուկայում չի հայտնվի:

«Եթե խնդիր լինի, այդ ապրանքը շուկա չի հասնի: Սպառողը այդպիսի ապրանք գնելու կարիք չի զգա»,- նշեց Գաբրիելյանը:

Ֆերմերներին անվճար խորհրդատվություն տրամադրող «ՇԵՆ» բարեգործական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Նվարդ Շահմուրադյանը նշեց, որ ծիրանի արտահանման հետ կապված ևս խնդիրներ չեն առաջանա:

«Որակի առումով ևս խնդիր չենք ունենա արտահանման հետ կապված: Մենք նորից կարտահանենք որակյալ, համեղ և քաղցրահամ ծիրան»,- ասաց Շահմուրադյանը:

Վերջին օրերին տեղեկություններ են տարածվում, որ ծիրանի այգիներում անհայտ հիվանդություն է տարածվել, որը փչացնում է բերքը: