Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ռուստամ Բադասյանին արդարադատության նախարար նշանակելու մասին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը' համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի, Ռուստամ Բադասյանին նշանակել արդարադատության նախարար»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

Բադասյանը մինչև ՀՀ արդարադատության նախարար նշանակվելը զբաղեցնում էր ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնը:
Ռուստամ Բադասյանը ծնվել է 1991թ. հունվարի 27-ին Երևանում: 2011 թվականին Ռուստամ Բադասյանն ավարտել է Երևանի Պետական Համալասարանի Իրավագիտության ֆակուլտետը բակալավրի աստիճանով:

2013 թվականին ավարտել է ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնի Իրավագիտության ֆակուլտետը՝ մագիստրոսի աստիճանով:

2015 թվականին ավարտել է ՀՀ Փաստաբանական դպրոցը և ստացել փաստաբանական գործունեության արտոնագիր: