«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն օրերս ընտրեց վարչության կազմ, որում կանանց ներկայացվածությունը մտահոգվելու աստիճան քիչ էր:

Կանանց նկատմամբ նման խտրական դրսևորում կար նաև նախորդ իշխանությունների ժամանակ, ինչը Փաշինյանն ու իր թիմը բուռն քննադատում էին, սակայն հեղափոխական Հայաստանում այդ առումով ևս իրավիճակ չի փոխվել:

ԼՈՒՐԵՐ.com-ը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի հետ զրուցեց թեմայի շուրջ: Կարապետյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ քաղաքականության մեջ կանանց ներգրավվածության առումով ինչ-որ փոփոխություններ ինքն արդեն իսկ տեսնում է, քանի որ իրենք դրա մասին սկսել են շատ խոսել:

«Քաղաքական խոսքում ավելի լսելի է այդ խոսակցությունը, որն ուրախացնող է։ Ես կարծում եմ՝ բացի օրենսդրական միջամտություններից, նաև անհրաժեշտ է մշակութային դոմինանտություն պահել»,- ասաց նա։

Մարիա Կարապետյանը օրինակ բերեց ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի ելույթը, որում Գրիգորյանը կարևորել էր ՍԴ-ում կին դատավորների թվի ավելացումը։ Նա ասել էր, թե սխալ չի լինի, որ դատավորների 1/3-ը կանայք լինեն։

«Այդ գործընթացը նաև մշակութային փոփոխություն է նախատեսում։ Կանանց ներգրավվածությունը բոլոր ոլորտներում միայն քաղաքական կամքի դրսևորում չէ, որ պահի մեջ կարող ես փոխել։ Դրա համար նույնիսկ սերնդափոխություն է անհրաժեշտ, որպեսզի փոքր աղջիկները և տղաները դաստիարակվեն հավասար մթնոլորտում:

Դրանք կանանց անփոփոխ բնույթը չեն, բայց նրանք այդպես են դաստիարակվում։ Որպեսզի տղաները և աղջիկներն ունենան հաջողության հասնելու նույն հնարավորությունները, պետք է նրանց նույն ոգով դաստիարակել։ Այդ գործընթացը գալիս է և՛ դպրոցական պրակտիկայից, և՛ համալսարանական պրակտիկայից։

Օրինակ, դպրոցական պրակտիկայում մենք տղաներին դաստիարակում ենք այնպես, որ նրանց համար կարևոր լինի արդյունքը։ Դրա համար տղաները կարող են իրենց թույլ տալ դասերից բացակայել, վերջում գնալ և քննությունը ստանալ։ Ես չեմ ասում, թե պետք չէ դասի գնալ։ Բայց, այնուամենայնիվ, աղջիկների նկատմամբ դասերի ներկայության առումով ավելի մեծ պահանջ կա. նրանց սովորեցնում ենք կենտրոնանալ պահանջի վրա, տղաների դեպքում՝ վերջնարդյունքի»,- ասաց Կարապետյանը։

Նա նշեց, որ, օրինակ՝ դասի չգնալու ժամանակը տղաներն օգտագործում են հանրային կապեր ստեղծելու, ընկերներ ձեռք բերելու համար, իսկ աղջիկները հնարավորություն չունեն մոբիլ լինելու և այդ հանրային կապերը ստեղծելու։

Խոսելով վարչության անդամների կազմում կանանց թվի մասին, թե արդյոք դա կանանց ցանկությո՞ւնն է, թե՞ կարողությունների խնդիր է, Կարապետյանը պատասխանեց. «Այն, որ կանայք քաղաքականությունում են՝ դա նրանց կարողությունների, արժանիքների արդյունքն է։ Քվոտան միայն հնարավորություն է տալիս որոշակի պատնեշներ հաղթահարել և չեզոքացնել բոլոր մշակութային բարիերները։ Ես շատ կուզենայի, որ վարչության կազմում ավելի շատ կանայք լինեին։ Ցավում եմ, որ քաղաքական գործիչները չընտրեցին իմ կուսակցներին և կին գործընկերներին։ Բայց պետք չէ հուսահատվել։ Երեք տարի անց նորից կլինեն վարչության կազմի ընտրություն և պետք է ջանանք, որպեսզի կանայք ավելի մեծ ներգրավվածություն ունենան»։

Սերնդափոխության առումով Կարապետյանն ասաց, որ պետք է ջանք գործադրել, որպեսզի մինչև սերնդափոխությունը լինեն նման փոփոխություններ և հավասարություն բոլոր ոլորտներում։ Իսկ սերնդափոխության հետ կապելու համար պետք է աշխատանք տանել կրթական ոլորտում։

«Պետք է նույն սոցիալական պահանջները ներկայացնենք մեր փոքր աղջիկներին և տղաներին և նույն ոգով դաստիարակենք նրանց»,- եզրափակեց պատգամավորը։

Ասպրամ Փարսադանյան