ՀՀ ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ արտահերթ ելույթ ունեցավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Նա նշեց, որ Կառավարության պատասխանատվությունը ստանձնել են նախորդ տարվա կեսից և գործել արդեն ընդունված բյուջեի սահմաններում:

«Բայց այդ պայմաններում էլ մի քանի կարևոր քայլ ենք արել: Նախ' սկսել ենք բյուջեն մաքրելուց, որովհետև կային շատ ոչ արդարացի և երբեմն կրթության և գիտության նախարարության կողմից հավանության չառաջացած ծրագրեր ու նախագծեր, որոնք խցկվել էին կրթության բյուջեի մեջ տարբեր գերատեսչությունների ու ազդեցիկ մարդկանց զանգերով: Փոխարենը մենք սկսեցինք իրականացնել մեր Կառավարության ծրագրին համապատասխան ծրագրեր»,- ասաց նա:

Արայիկ Հարությունյանը շեշտեց, որ ներառական կրթությունը նախարարության ամենագլխավոր առաջնահերթություններից մեկն է: Նա նաև ընդգծեց, որ ներառական կրթությունը առաջին հերթին պետք է ոչ նրանց համար, ովքեր կարիք ունեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, այլ բոլորի համար: Նախարարը վստահ է, որ արդյունքում կլինի այլ որակի հասարակություն: Նախարարը ներկայացրեց նաև քանակական տվյալներ:

«Շահագործման ենք հանձնել 5 ավագ դպրոց միայնգամայն նոր, վերակառուցված, ժամանակակից պայմաններին համապատասխան: Այս տարի արդեն սկսել ենք 7 ավագ դպրոցների հիմնանորոգում: Մի քանի տասնյակ դպրոցներ էլ են ներգրավվելու դպրոցաշինական ծրագրին: Սա քիչ է: Բյուջեում լրացուցիչ միջոցներ հայտնվելուն զուգընթաց մենք այս ծրագրերը ավելացնում ենք»: