Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի օրն է: Պատասխանելով ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հրանտ Մադաթյանի հարցին, թե 2019 թվականին ի՞նչ միջոցներ է ձեռնարկել կառավարությունը զբոսաշրջության տեմպերն ավելացնելու ուղղությամբ' վարչապետը պատասխանեց.

«Անցյալ տարի Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 10.7 տոկոսով: Այս տարի՝ առաջին եռամսյակի տվյալներով, աճել է 5.3 տոկոսով: Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել են փաստի վրա, որ դա դեռ զբոսաշրջային սեզոնի պիկը չէ: Պիկը նոր է սկսվում: Հիմքեր կան կարծելու, որ ընթացիկ շրջանում շատ մեծ ծավալներ ունի զբոսաշրջությունը»:
Վարչապետ Փաշինյանը մեջբերեց ԿԲ նախագահի օրինակը.

«Կենտրոնական բանկի նախագահը այս ամբիոնից հայտարարել է, որ ԿԲ-ն այս տարի պահուստավորել է 131 միլիոն դոլար: Մինչև ԿԲ նախագահն այստեղից հասել է ԿԲ, այդ թիվը հասել է 154 միլիոնի: Սա նշանակում է, որ այդ ծավալի հավելյալ արտարժույթ է մտնում երկիր: Սրանք աննախադեպ ցուցանիշներ են: Ինչ վերաբերում է զբոսաշրջության զարգացմանը, առաջին ու ամենակարևոր նախապայմանը երկրի պոզիտիվ իմիջն է: Կառավարությունն այս առումով շատ բան արդեն արել է: Բացի այդ, ենթակառուցվածքներ, ճանապարհներ: Զբոսաշրջիկների կոմֆորտն ապահովելու համար նաև ծրագրեր ենք իրականացնում»,- ասաց վարչապետը: