Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտարարել է Հայաստանի՝ 1,5 միլիարդ դոլարի վարկ վերցնելու մտադրության մասին, որն, ըստ նրա, արդեն որոշակիորեն ձևակերպված է համաձայնագրերի տեսքով: Իհարկե, Ջանջուղազյանը շտապել է նաև հայտարարել, որ կատաստրոֆիկ չէ այն հանգամանքը, որ արտաքին պարտքը կարող է հասնել ՀՆԱ-ի 60 տոկոսին: Նման խնդրի բախվում են շատ զարգացած երկրներ, օրինակ՝ ԱՄՆ-ն և Չինաստանը: Սակայն առնվազն միամտություն կլինի համեմատել Հայաստանի տնտեսության ներկա վիճակը վերոնշյալ երկրների հետ, հետևաբար, կատաստրոֆան այնքան էլ անհավանական չէ, որքան թվում է առաջին հայացքից:
 
Պատճառները, թե ինչու հեղափոխությունից հետո Փաշինյանի կառավարությունը չկարողացավ կապիտալիզացնել առկա տնտեսական ռեսուրսները, բազմաթիվ են, արդյունքում՝ այսօր ունենք այն, ինչ ունենք և ժամանակին պետական պարտքի ավելացումը ռիսկ համարող Փաշինյանը գնում է ռիսկի: Ինչո՞ւ: Արդյո՞ք ոչ այն պատճառով, որ օրինակ՝ հարկերի հավաքագրման հարցում ՊԵԿ-ը թերացել է, և թվերը, որոնք ներկայացրել է այս կառույցը, մեղմ ասած՝ արժանահավատ չեն: Արդյո՞ք ոչ այն պատճառով, որ Հայաստանից դուրս բերված 7 միլիարդն այդպես էլ գրվեց սառույցին և կառավարությունը չի ցանկանում, կամ չի կարողանում դուրս բերված կապիտալը վերադարձնել Հայաստան:
 
Արդյո՞ք ոչ այն պատճառով, որ օլիգարխներին թափ տալը չտվեց բաղձալի արդյունքը, բացի «ռեկետչիկ» պիտակից, որին այս ընթացքում հասցրեց արժանանալ կառավարությունը՝ իր որդեգրած գործելաոճի համար: Արդյունքում Փաշինյանի կաբինետը կանգնել է արագ գումար հայթայթելու անհրաժեշտության առջև, և դա անում է ամենառիսկային ճանապարհով: