Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հաճախ է կրկնում, որ ինքը նեղը չի ընկել, չի ընկնում և չի ընկնելու: Ինքը՝ գուցե, սակայն նույնը չենք կարող ասել երևանցիների մասին, որոնց խնդիրները և նեղն ընկնելու առիթներն օր օրի ավելանում են: Ժամանակին իր ֆեյսբուքյան գրառումներից մեկում Մարությանը գրել էր, որ կամ ՀՀԿ-ն պատերազմ է հայտարարել ժողովրդին, կամ Տարոն Մարգարյանը վատ մենեջեր է:

 

Դատելով այն հանգամանքից, որ երեկ մայրաքաղաքի միջին վիճակագրական բնակիչը բարոյապես մաշված երթուղայինում 10 բալանոց խցանման մեջ կանգնած զմայլվում էր արևային անձրևի հետևանքով առաջացած հեղեղով՝ մենք էլ կարող ենք անել մոտավորապես նույն եզրակացությունը՝ կամ «Իմ քայլը» պատերազմ է հայտարարել երևանցիներին, կամ էլ Հայկ Մարությանը վատ մենեջեր է: Երևանցիներին արդեն իսկ հոգեբանորեն նախապատրաստել են, որ նոր տրանսպորտային ցանցին սպասել պետք չէ, մետրոյի նոր կայարանի կառուցումն էլ այնքան հեռու ապագայի հարց է, որ այդ մետրոյի բացմանը ներկա լինելու պատվին թերևս արժանանա միայն Կամո Արեյանը:

 

Աղբահանության հարցը նույնպես չի լուծվելու, քանի որ Մարությանը «Սանիթեք»-ի ձեռքը կրակն է ընկել. ոչ այն է՝ ինքը «փայ մտնի», ոչ այն է՝ խզի պայմանագիրը՝ «Սանիթեք»-ի փոխարեն յուղոտ պատառը հանձնելով յուրայիններին: Խնդրահարույց Կամազների՝ առանց մրցույթ գնելն ընդհանրապես վերածվում է տհաճ պատմության՝ կոռուպցիոն երանգներով: Օրերս տեղեկություն էր տարածվել, որ Փաշինյանն իր կուսակիցներին մեղադրել է քաղաքային տնտեսության կառավարումը տապալելու և երևանցիների դժգոհությունը հարուցելու համար: Ինչ խոսք, եթե այդ տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, ապա վարչապետի արձագանքը տեղին է: Ճիշտ է, փոքր- ինչ ուշացած, քանի որ երևանցիներն արդեն իսկ հասցրել են համոզվել Մարությանի՝ մենեջերական տաղանդի բացակայության մեջ…