Բոլորի հիշողության մեջ էլ թարմ է այն աժիոտաժը, որը հեղափոխությունից հետո ի հայտ եկավ՝ կապված տարատեսակ տույժ-տուգանքների ներման կամ ներման խոստումների հետ: Ուշագրավ է, որ հեղափոխությունից մեկ տարի անց չկա նույն աժիոտաժը, հեղափոխական էյֆորիան իր տեղը զիջեց դատարկ բյուջեին, որն էլ անհրաժեշտ է ամեն գնով լցնել: Նորանոր տույժ-տուգանքները կարծես թե հենց այդ խնդրի լուծմանն էլ միտված են: Օրինակ, վարչապետը ժամանակին պարծենում էր, որ բանկերը համաձայնել են ներել քաղաքացիների անհուսալի վարկերը, և դա ներկայացնում էր իբրև հեղափոխության հաղթանակի առաջին «ծիծեռնակ»:

 

Այսօր, սակայն, բանկերի ժամկետանց վարկերը վերստին սկսել են արագորեն ավելանալ։ Համաներմամբ կամ տույժ-տուգանքներից ազատումով, ինչն արվեց իշխանափոխությունից անմիջապես հետո, այս խնդիրն այդպես էլ չլուծվեց։ Բանկային համակարգը դարձյալ մտնում է նույն շրջափուլի մեջ: Միայն տարեսկզբի չորս ամիսներին բանկերի երկարաձգված վարկերի պորտֆելը համալրվել է 15 մլրդ դրամով։ Եթե անցած տարվա վերջին այն կազմում էր 88 մլրդ դրամ, ապա արդեն այս տարվա ապրիլին՝ այն գերազանցել է 103 միլիարդը:

 

Բանկերից հետ չի մնում նաև ՃՈ-ն. սկզբնական շրջանում ներված տույժ-տուգանքներին եկավ փոխարինելու բյուջեն ամեն գնով լցնելու քաղաքականությունը: «Խաչմերուկի հատված» գծանշման՝ այսպես կոչված «վաֆլիների» վերաբերյալ Ճանապարհային ոստիկանությունը փոփոխություն է ներկայացրել, և մայիսի 5-ից վարորդները տուգանվում են 5000 դրամի չափով: Բացի այդ, անցում է կատարվել տուգանքների բալային համակարգին:

 

Այս երկու օրինակները գալիս են փաստելու, որ հեղափոխությունից հետո իշխանությունների փչած այս մի փուչիկն էլ պայթեց՝ բացահայտելով իրական մոտեցումը քաղաքացիների սոցիալական խնդիրներին: Այլևս կառավարությանը չի հետաքրքրում, թե ինչպիսի հարկային բեռի տակ են ճգնում հպարտները կամ ինչպիսի սոցիալական խնդիրների են բախվում, երբ նորանոր տուգանքները հարվածում են ամենախոցելի խավերի գրպաններին…