ՀՀ կառավարությունը պատրաստ է աջակցել յուրաքանչյուրի անհատական ջանքերին՝ նպաստելով երկրի տնտեսության զարգացմանը: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում հունիսի 22-ին մեկնարկած «Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» բիզնես համաժողովին, որին մասնակցում է ավելի քան 300 պատվիրակ մոտ մեկ տասնյակ երկրից: Հայաստանում այս ձևաչափով անցկացվող համաժողովն արդեն 5-րդն է:

«Ինչո՞ւ ենք մենք այսպիսի համաժողովներ անցկացնում, ո՞րն է մեր հիմնական ու կարևոր նպատակը: Մեր հիմնական նպատակն անհատական ջանքը խրախուսելն ու քաջալերելն է՝ նպաստելով ՀՀ-ի զարգացմանը: Համոզված ենք, որ ՀՀ քաղաքացու անհատական ջանքն է այն շրջադարձային կետը, որով Հայաստանը պետք է բարձրանա նոր մակարդակի»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը մանրամասնեց, թե ինչ նկատի ունի անհատական ջանք ասելով: Նրա խոսքով, անհատական ջանք ասելով նկատի ունի Արտակ Չիբուխչյանին, ով մի օր որոշում է Ռուսաստանից գալ Հայաստան իր հայրենի Ենոքավան գյուղի «լքված գոմեր» տարածքում ստեղծել մի իրականություն, որը պետք է փոխի, թե Ենոքավանի կյանքը, թե Հայաստանի իմիջը: Վարչապետը, անհատական ջանք ասելով, նկատի ունի Քարահունջ գինետան հիմնադիրներին, ովքեր եկել են Սփյուռքից և ՀՀ-ում ստեղծում են նոր իրականություն:

«Անհատական ջանք ասելով նկատի ունեմ «Հայրապետյան եղբայրներ» ընկերությանը, որը երկար տարիներ կառավարում է Պարզ լիճը՝ ստեղծելով բիզնեսի նոր մշակույթ: Նկատի ունեմ իջևանցի գործարար Անդրանիկ Ղազարյանին, ով Ուկրաինայում հաջողության է հասել, վերադառնում է Հայաստան և շուտով նրա շնորհիվ Իջևանի անշարժ գույքի շուկայում երկար տարիների ընդմիջումից հետ կհայտնվի նոր առաջարկ՝ բազմաբնակարան շենքի տեսքով»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց, որ կառավարությունը ձգտում է հնարավորություններ ստեղծել, որ մարդիկ իրենց տաղանդը բացահայտեն, իրացնեն: Նա նշեց, որ, իհարկե, դրա համար կարևոր է կրթությունը, գործարար էկոհամակարգը, սակայն նկատեց, որ վերը նշված մարդիկ  իրենց ունեցածը ստեղծել են ոչ ամենևին կատարյալ պայմաններում, ընդհակառակը, բարդություններ հաղթահարելով: Այսօր կան մարդիկ, ովքեր զրոյից են հասել կոնկրետ արդյունքի, նրանք չեն հանձնվել հուսահատությանը:

«Կոնկրետ օրինակները շատ կարևոր են, և նրանք մեր օրերի հերոսներն են: Ուզում եմ նշել Տավուշի մարզի Սարի գյուղի բնակիչ Դավիթ Եգանյանին: Մարդն արձանագրել է, որ ճանապարհի եզրին գտնվող գյուղում անցորդներին թարմ, տնական հաց վաճառող չկա: Եվ նա իր ջանքերով փուռ կառուցեց ու սկսեց աշխատել: Կառանձնացնեմ «Թեյան» հայկական թեյեր ընկերությունը հիմնած ամուսիններին, ովքեր ստեղծել են բրենդ և հաջողության հասել, կավագործ Ռուբեն Գևորգյանին, ով մանրավաճառությամբ էր զբաղված, հիմա ստեղծում է գլուխգործոցներ: Այս մարդիկ հաղթել են հուսահատությանը և այդ օրինակները շատ են: Օրինակ, ուսուցչուհի Ռիտա Մարտիրոսյանը, ով տեղափոխվել է Գեղարդ գյուղ և սկսել դեղաբույսների գործով զբաղվել: Մեկ այլ ընտանիք Գեղարքունիքի մարզում սկսել է  կոնյակով, գինով վերամշակված պանրի արտադրություն հիմնել: Ես համոզված եմ, որ այս բոլոր գործերն իրենց հաջողություն են ունենալու»,-ասաց վարչապետը:  Նա ներկայացրեց նաև Ազատ Թովմասյանի օրինակը, ով մրցունակ դրամապանակի հեղինակն է, Սամվել Գասպարյանին, ով սահմանափակ հնարավորություններով է, սայլակով է տեղաշարժվում, սակայն փայտագործությամբ է զբաղվում:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ ԿԲ-ից ստացված տեղեկության համաձայն, պահուստավորված դոլարի ծավալը հասել է 171 մլն-ի: Երեք օրվա ընթացքում 40 մլն դոլարով ավելացել է: «Սա նշանակում է, որ Հայաստանում փող է պտտվում, տնտեսության արյունատար երակները բացվել են, հետևաբար մեզ պետք է անհատական ջանքի հաղթանակ: Կառավարության առանցքային առաքելությունն է մարդկանց քաջալերելը, որ հավատան իրենց տաղանդին, հնարավորություններին: Հայաստանում հաջողվել է անհավանական քաղաքական փոփոխությունների հասնել խոսքով ու գաղափարով: Մենք հավատում ենք Հայաստանի քաղաքացիներին, շնորհակալություն այն մարդկանց, ովքեր մեր երկրում քարը դրել են քարին: Նրանք մեր ժամանակի հերոսներն են»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: