Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազդատ Կարապետյանն ու Բաբկեն Թունյանը շրջանառության մեջ են դրել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով առաջարկում են նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից դարձնել 65 հազար դրամ: Կառավարությունը, ասել է, թե Սոցիալական ապահովության և աշխատանքի նախարարությունը, որն էլ հանդիսանում է ոլորտի պատասխանատուն՝ նիստին բացասական եզրակացություն էր տվել վերոնշյալ նախագծին:

Պատճառաբանությունը հետևյալն էր՝ մենք էլ ենք ցանկանում բարձրացնել նվազագույն աշխատավարձի չափը, սակայն շատ ավելի, քան դուք եք առաջարկում, դրա համար ոտներս կախ գցենք և սպասենք: Իսկ միգուցե ոտները կախ գցելու իրական պատճառներից մեկն էլ այն է, որ բարձի տակ պահված հավելյալ կամ ավելորդ գումար կառավարությունն այս պահին չունի: Մինչդեռ կհիշեք, որ վարչապետ Փաշինյանն ամեն պատեհ և անպատեհ առիթ օգտագործում է հայտարարելու համար, որ փողի խնդիր կառավարությունը չունի, աշխատում են փայլուն և կարող են լուծել իրենց առջև դրված ցանկացած սոցիալական խնդիր:

Հարց է առաջանում՝ վարչապե՞տն է ստում, թե՞ նախարարությունը, քանի որ «ոտքը կախ գցելը» ենթադրում է, որ փող, այնուամենայնիվ, չկա: Սակայն սա, վարչապետի և Սոցապ նախարարության միջև առկա միակ հակասությունը չէ: Փաշինյանը մշտապես, կառավարության գրեթե յուրաքանչյուր նիստի, պահանջում է արագացնել սոցիալական աջակցության համակարգի բարեփոխումները:

Այստեղ էլ ենք ականատես լինում «ոտքը կախ գցելուն», քանի որ հանրությունը դեռևս ոչ մի ռադիկալ փոփոխության այս հարցում ականատես չի եղել: Հետաքրքիր է, սոցապն ու վարչապետը միմյանց հակադիր պատկերացումնե՞ր ունեն բյուջեում առկա գումարների չափի և այդ գումարները ծախսելու նպատակահարմարության մասով, թե՞ այս դեպքում գործ ունենք սաբոտաժի դրսևորման հետ, հատկապես, հաշվի առնելով, թե ՔՊ-ական որ թևի կարկառուն ներկայացուցիչ է սոցապ նախարարը և ինչպիսի լարված հարաբերություններ են այդ թևի ներկայացուցիչների և վարչապետի միջև վերջին շրջանում…