«Նախկին իշխանություններին ընդդիմություն չեն։ Ես նրանց ընդդիմություն չեմ համարում»,- այսօր ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։

 

Անդրադառնալով այսօր ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի տված մամուլի ասուլիսին, պատգամավորն ասաց, որ նման քննադատությունները չեն խանգարում իշխանության գործունեությանը։ Ընդհակառակը, երբեմն նաև օգնում են։ Պատգամավորի խոսքով՝ շատ են քննադատություն եզրույթի հետ աղերս չունեցող քննադատությունները, բայց իրենք ընդունում նրանք, որոնք հիմնավորված և փաստարկված են։

 

Էդուարդ Շարմազանովի որոշ հայտարարություններ Հակոբյանը համարում է միայն որպես Շարմազանովի անձնական կարծիք։

 

«Նախկին իշխանություններն այսօր փորձում են քննադատել, բայց իրենք էլ են գիտակցում, որ իրենք հանրության կարծիքը չեն ներկայացնում։ Իրենք մի քանի հարյուր հոգի, ֆեյսբուքյան ընկերներ են, ովքեր տարածում են, լայքում են միմյանց գրածները։ Ես բազմիցս ասել եմ՝ իրենք չեն շփվում հասարակության հետ։ Ինչպես այն ժամանակ, երբ իրենք իշխանություն էին, այսօր էլ չեն շփվում հասարակության հետ։ Հիմա իրենք իրենցից քաղաքական ուժ են ներկայացնում, բայց շարունակում են չշփվել հանրության հետ։ Իրենց պրոբլեմը դա է»,-նշեց Հրաչյա Հակոբյանը:

 

Այն հարցին, թե ինչպես պատգամավորը կմեկնաբանի Շարմազանովի այն հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը լիֆտի ընկերներ են, Հակոբյանը պատասխանեց. «Հենց այդ արտահայտսւթյունն եմ ես համարում ցինիզմ։ Դա նշանակում է, որ իրենք ոչնչից կառչելու տեղ չունեն և այդ վերելակի հանդիպումից են կառչում։ Ի՞նչ պետք է աներ վարչապետը, պետք է խուսափե՞ր: Թող Ադրբեջանի նախագահը խոսւափեր։ Հենց դա է ցինիզմը՝ վերելակի ընկերներ անվանելը»:

 

Հարցին, թե արդյո՞ք նախկին իշխանությունները ազդեցություն չունեն հասարակության վրա, պատգամավորն ասաց, որ էլեմենտար տարբերակ է ուղղակի կարդալ այդ գործիչների ֆեյսբուքյան գրառումների մեկնաբանությունները և պարզ կլինի հասարակության կարծիքը։ Պատգամավորի խոսքով՝ նախկին իշխանությունները մի վայրկյան չեն մտածում այն մասին, որ իրենք 11 տարի եղել են իշխանություն, բայց այսօր իրենց հայհոյում են, իրենք մտածում են, որ այդ գործընթացները ներկայիս իշխանության կողմից է ուղղորդվում։ Պատգամավորը հերքում է դա։

 

«Ո՛չ։ Հարցը հենց նրանում է, որ իրենք այնպիսի իշխանություն են եղել, որ հասարակությունը իրենց մասին մի բան է լսում, արդեն սկսում է բացասաբար մեկնաբանել»,- եզրափակեց Հակոբյանը։

Ասպրամ Փարսադանյան