Ակցիայի նպատակն է աջակցել Խաչատուրյան քույրերին, ինչպես նաև բարձրաձայնել կանանց նկատմամբ բռնության, հայրիշխանության սարսափելի դրսևորման մասին։ Այս մասին այսօր՝ հունիսի 24֊ին, Ռուսաստանի դեսպանատան բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը՝ խոսելով Մոսկվայում իրենց հորը սպանած Խաչատուրյան քույրերի մասին։

 

«Դա եղել է ինքնապաշտպանություն և պետությունը պատրաստվում է 8֊20 տարվա ազատազրկման դատապարտել քույրերին, որն ամենամեծ անարդարությունն է։ Ազատություն քույրերին և բոլոր պետական այն մարմինները, որոնք անգործություն են դրսևորել պետք է պատասխան տան։ Դեսպանատունը Ռուսաստանի ներկայացուցչությունն է Հայաստանում, ուստի այստեղ ենք ասելու, որ այդ երկրում արդարությունը պետք է ի կատար ածվի և հաղթի»,֊ ասաց Հովհաննիսյանը։

 

Հիշեցնենք, որ 2018թ․ հուլիսի 27-ի երեկոյան Մոսկվայի Ալտուֆևյան մայրուղու վրա գտնվող շենքի մուտքում հայտնաբերվել էր 57-ամյա տղամարդու դի՝ պարանոցի և կրծքավանդակի բազմաթիվ վնասվածքներով։ Հետաքննության արդյունքներով՝ նրան ատելությունից սպանել էին երեք դուստրերը, որոնց մեղադրանքներ է ներկայացվել։