10:36
Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիայի բաց նամակը ՀՀ Ոստիկանություն

Բաց նամակ ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia։

Հարգելինե՛ր, վերջին ամիսներին ստացել ենք բազմաթիվ բողոքներ մեր գործընկերներից առ այն, որ Երևան քաղաքի և ՀՀ մարզերի տարբեր զբոսաշրջային գոտիներում և հուշարձաններում արտերկրից ժամանած զբոսաշրջիկները դառնում են գրպանահատների զոհ։ Նախնական շրջանում կարծում էինք, թե գործ ունենք պատահականությունների հետ, սակայն գնալով համոզվում ենք, որ իրավիճակը վերածվում է կազմակերպված հանցավորության։ Բազմաթիվ տուրիզմի ոլորտի աշխատակիցներ և զբոսավարներ իրենց ՖԲ էջերում, խմբերում և ֆորումներում անընդհատ գրառումներ են անում այն մասին, որ իրենց հյուրերը կամ հենց իրենք դարձել են գրպանահատների զոհ։

Համադրելով տարբեր վկայություններ՝ եկել ենք այն եզրահանգման, որ հանցագործների թիրախային գոտիներն են հիմնականում զբոսաշրջային ակտիվ տարածքները։ Մասնավորապես՝ Երևան քաղաքի Ամիրյան փողոց ֊ Հանրապետության Հրապարակ ֊ Աբովյան փողոց ֊ Հյուսիսային պողոտա ֊ Օպերա ֊ Կասկադ տարածքը, Վերնիսաժի տարածքը, ինչպես նաև Խոր Վիրապ, Գեղարդավանք, Սևանավանք, Էջմիածնի վանական համալիրների տարածքները։

Արդ խնդրում ենք պատկան մարմիններին՝ գործուն քայլեր ձեռնարկել՝ զբոսաշրջային սեզոնին ոստիկանական խիստ վերահսկողություն իրականացնելով նշված և այլ հնարավոր ռիսկային գոտիներում։

Կխնդրենք, չխոսել այն մասին, թե որոշ հուշարձանների մոտ ծառայություն իրականացնող ոստիկաններ արդեն կան։ Ցավոք որևէ ծառի հովին հանգստացող ոստիկանի գործունեությունից գոհ լինել անհնար է։

Խնդրում ենք նաև ՀՀ Զբոսաշրջության կոմիտե/Tourism Committee of RA֊ին նույնպես հետամուտ լինել այս հարցին։

Իսկ մինչ այդ հորդորում ենք մեր բոլոր գործընկերներին՝ զգուշացնել իրենց հյուրերին հնարավոր գողությունների մասին և առավել ուշադիր լինել։

Շնորհակալություն։

Հարգանքով՝

ՊԶՀԱ վարչություն

 


Առաջարկում ենք նաև
Ամենադիտված
Լրահոս