ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավայրից ազատվելուց հետո առաջին հարցազրույցն է տվել 5-րդ ալիքին: Նա անդրադարձել է իր դեմ հարուցված քրեական գործին, հայաստանյան ներքաղաքական իրավիճակին, Արցախին և իր հետագա անելիքներին։ Ո՞րն էր հարցազրույցի գլխավոր «մեխը»:

Քոչարյանը ևս  մեկ անգամ ընդգծեց, որ վերադառնում է քաղաքականություն, սակայն այդ վերադարձը ոչ թե իր կամքով է, այլ թելադրված է ներկայիս իշխանությունների վարած քաղաքականությամբ: Երկրորդ նախագահը ակնարկեց նաև իր վերադարձի նպատակը՝ խանգարել իշխանություններին Արցախի հարցում տրվել արտաքին ուժերի թելադրանքին և իրագործել մի սցենար, որի իրականացմանն էլ հենց խանգարում է Քոչարյանի ֆիգուրը: Ակնհայտ է, որ երկրորդ նախագահն այս պարագայում նկատի ունի Արևմուտքը, որը վերջին ամիսներին բացահայտ ակտիվություն է ցուցաբերում հատկապես Արցախի հարցում՝ տարատեսակ ազդակներ ուղարկելով և փորձելով կարգավորման գործընթացը տանել ցանկալի հունով: Իր դեմ սկսված հետապնդումը Քոչարյանը բացատրում է հենց այդ գործոնով, այն է՝ իրեն փորձում են մեկուսացնել իրականացնելու համար Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի թեզը՝ Արցախը բեռ է, և միայն այդ բեռից ազատվելու դեպքում հնարավոր կլինի հասնել տնտեսական զարգացման: Պատահական չէ, որ վերջին հարցազրույցներում Քոչարյանը պարբերաբար ընդգծում է այն հանգամանքը, որ ի տարբերություն Տեր-Պետրոսյանի «գորշ» կանխատեսումների, իր կառավարման տարիներին զարգացումը եղել է առանց զիջումների:  Ընդ որում՝ այս հարցազրույցի ընթացքում բազմիցս ուղղակի և անուղղակի հղում կատարվեց Տեր-Պետրոսյանին և նրա կառավարման տարիներին, այն ժառանգությանը, որը Քոչարյանը ստիպված էր ժառանգել առաջին նախագահից հետո:

Ուշագրավ է, որ թեև ուղղակի անդրադարձ չեղավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին կամ ՀՀԿ-ին՝ Քոչարյանը մեկ անգամ չէ, որ հիշեցրեց՝ իր կառավարման տարիները լավագույնն էին անկախությունից ի վեր, իսկ նման շեշտադրումն ինքնին նշանակում է, որ կասկածի տակ է առնվում է նաև Սարգսյանի և ՀՀԿ-ի աշխատանքի արդյունավետությունը; Ավելորդ չի լինի հիշատակել, որ նախորդ հարցազրույցներում Քոչարյանն ավելի լայն անդրադարձ էր կատարել Սարգսյանի ղեկավարման տարիներին՝ նշելով, որ ինչ-որ տեղ հենց երրորդ նախագահի սխալների արդյունքում թավշյա հեղափոխությունը միս ու արյուն ստացավ ՀՀ-ում:

Քոչարյանը բաց է թողել թերևս ամենակարևոր՝ քաղաքական դաշտում ձևավորվող ֆորմատի հարցը, սա ենթադրում է, որ երկրորդ նախագահը քաղաքական դաշտին քննարկելու թեմա է տալիս՝ քաղաքական երևեակայության տեղ թողնելով , թե կոնսոլիդացիան կարող է լինել և՛ իր շուրջ, և՛ պարզապես իր մասնակցությամբ: Իհարկե, հասկանալի է, որ Քոչարյանն ընդամենը զերծ է մնում խաղաքարտերն ամբողջությամբ բացելուց. որևէ այլ կենտրոնի ՀՀ երկրորդ նախագահի միանալը քաղաքական նպատակահարմարության տեսանկյունից և՛ անիմաստ է, և՛ անհնար, հաշվի առնելով այն ռեսուրսները, որոնց տիրապետում է Քոչարյանը և այդ ռեսուրսների մոբիլիզացիան, որը վերջին ամիսներին տեղի է ունենում:

Քոչարյանը նաև հստակ մեսիջ է հղում քաղաքական դաշտին՝ առաջ տանելով «կոնսենսուս մինուս մեկ» ձևաչափը և կասկած չկա, որ կոնսենսուսի հիմքում, կամ եթե կուզեք՝ կենտրոնում, լինելու է հենց Քոչարյան քաղաքական ֆիգուրը: Իհարկե, երկրորդ նախագահը փորձեց մանևրել իշխանությունն ապագայում ստանձնելու ցանկության հարցում, հայտարարելով, որ  եթե լինեն բանիմաց երիտասարդներ, ապա ինքը իշխանության ղեկն իր ձեռքը վերցնելու հարցում որևէ հավակնություն չունի, սակայն այս քայլը ևս հասկանալի է և բացատրելի: Քոչարյանը ցանկանում  է ցույց տալ, որ այս հարցում իրեն ևս «ստիպում» են վերցնել իշխանության ղեկը իր ձեռքը: Հասկանալի է, որ եթե Քոչարյանը իշխանությունների հետ գլխավոր հակադրումը տանում է Արցախի ուղղությամբ, այստեղ է տեսնում վտանգը և այս հարթության մեջ է իրեն դիտարկում իբրև իշխանությունների ռեալ այլընտրանք, ապա, հաշվի առնելով իր կապը Արցախի հետ և աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից ընդունված լինելու հանգամանքը, ինչի վրա, ի դեպ, Քոչարյանը հաճախ է ուշադրություն հրավիրում՝ ինքնաբերաբար դառնում է իշխանության ղեկը ստանձնելու միակ պոտենցիալ հավակնորդ…

Չոպեներ առաջ արդեն պարզ դարձավ, որ Վերաքննիչ դատարանը որի վարույթում էլ գտնվում էր Քոչարյանի քրեական գործը, երկրորդ նախագահին կրկին կալանավորելու որոշում է կայացրել: Ըստ էության, նման արձագանքը սպասված էր, այդ թվում՝ նաև երկրորդ նախագահի և նրա մերձակա շրջապատի համար: Դատարանի նման որոշումը ստիպում է էլ ավելի մեծ ուշադրություն դարձնել հարցազրույցի ընթացքում Քոչարյանի հնչեցրած մտահոգություններին և ռիսկերի ակտուալությանը…