Հարկային օրենսգրքի փոփոխությունները, որ առաջարկել էր կառավարությունը, այսօր ընդունվեցին Ազգային ժողովում՝ չնայած, որ ընդդիմության երկու խմբակցություններն էլ դեմ քվեարկեցին դրան։ 73 կողմ, 32 դեմ ձայներով փոփոխություններն ընդունվեցին երկրորդ ընթերցմամբ, ամբողջությամբ: Փոփոխությունները ենթադրում են, որ առաջիկա տարիներին՝ տարեկան երեք տոկոսով ավելանալու է ակցիզային հարկը՝ բենզինի, սեղմված բնական գազի եւ դիզվառելիքի համար: Սա փաստաթուղթ է, որը բնավ էլ միտված չէ ցածր եկամուտներ ունեցողների եկամուտների ավելացմանը։ Եկամտային հարկի բեռի այն նվազեցումը, որի մասին Նիկոլ Փաշինյանը ժամանակին խոսում էր քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ չի վերաբերվելու ցածր աշխատավարձ ստացողներին։ Այսինքն՝ նրանց եկամուտները կմնան նույնը, բայց ծախսերը կավելանան ակցիզային հարկի բեռի ծանրացումից սպասվող թանկացումների հետևանքով»:

 

Միանշանակ, կարելի է ասել նաև, որ այս հարկային բարեփոխումները չեն լուծում կարեւորագույն հարցը՝ չեն ձեւավորում ներդրումային միջավայր, որպեսզի ներդրողը միանշանակ որոշում կայացնի հօգուտ ՀՀ-ում ներդրումներ կատարելու: Սոցիալական իրավիճակի լարվածությունը Հայաստանում կխորանա՝ քանի որ ակնհայտ է՝ կառավարությունը մտադիր է սպառողների հաշվին լրացնել այն կորուստները, որոնք բյուջեն կրելու է նույն եկամտային հարկը բարձր եկամուտներ ստացողների համար նվազեցնելու հետևանքով։

 

Նոր Հարկային օրենսգրքի ամենաքննարկված փոփոխությունը մեկն էլ եկամտահարկի համահարթեցումն է։ Այժմ գործում է եկամտահարկի 3 տարբերակ՝ 23, 28 և 36 տոկոս, համապատասխանաբար՝ մինչև 150 հազար դրամ, 150 հազարից մինչև 2 միլիոն և 2 միլիոն դրամից բարձր վաստակողների համար։ Կառավարությունն առաջարկում է բոլորին հարկել հավասար՝ 23 տոկոս, իսկ 2020 թվականից արդեն՝ 20 տոկոս։ Սա էլ իր հերթին քաոս է առաջացնելու ողջ ֆիսկալ դաշտում:

 

Ինչ խոսք, համակարգային առումով սրանք այն փոփոխությունները չէին, ինչի մասին մենք ենթադրում ու մտածում էինք: