Երկու ակնհայտ սուտ տեղեկատվություն է տարածվել, որից մեկի մեջ նաեւ զրպարտություն պարունակող տարրեր կան. առաջինը բանակում ծառայության հետ կապվածն է, երկրորդը՝ «Սորոս»-ի հետ կապերի։ Այդ մասին այսօր՝ հունիսի 27–ին, լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, պատասխանելով դիտարկմանը, որ, ըստ իր ընդդիմախոսների, իր նշանակումը տեղի է ունեցել Սորոսի հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանի միջնորդությամբ։

«Երբ ասում են Սորոսի հետ կապեր՝ ես չեմ հասկանում՝ դա ինչն է։ Ձեր նշած անձին երբեք չեմ հանդիպել, չեմ ճանաչել, ծանոթ չեմ, այսինքն՝ կարծում եմ՝ ընդամենը շահարկումներ են, որոնց նպատակները շատ տարբեր կարող են լինել, բայց ինձ չեն հետաքրքրում»։

Ինչ վերաբերում է բանակում չծառայելու հարցին, ապա նախարարը նշեց, որ առողջական խնդիրներ է ունեցել թենիս խաղալու հետևանքով. «Հիվանդությունն առաջացել է հենց թենիս խաղալու պատճառով, հայտնի տարբերակներից մեկն է, երբ որ իհարկե, ես միանշանակ չեմ կարող ասել, որովհետեւ գիտությունը դեռ չի պարզել սկոլիոզ հիվանդությունը ինչ պատճառներով է առաջանում, բայց պատճառներից մեկը վոլեյբոլ, թենիս, բասկետբոլ, սքվոշ եւ նմանատիվ սպորտային ձեւերով զբաղվելուց է առաջանում։ Բայց ես հիմա էլ եմ սքվոշ խաղում»։