Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն, անդրադառնալով «Հրազդան» մարզադաշտի ճակատագրին, նշել է, որ մարզադաշտի սեփականատիրոջ հետ մի քանի անգամ հանդիպել և քննարկում են ունեցել: Նա նշել էր, որ մարզադաշտի վերանորոգման համար մեծ գումարներ են անհրաժեշտ, որը ՀՖՖ-ն չունի․ «Պետք է լինի մասնավոր ներդրող, որը գումարներ կներդնի և կկառուցի ստադիոնը։ Ներդրողներ գտնելու ուղղությամբ սեփականատերը քայլեր է իրականացնում, մենք էլ ասել ենք՝ կաջակցենք»։

 

ԼՈՒՐԵՐ․com—ի հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր, «Հրազդան» մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը նշեց, որ ներդրողները մի քանիսն են, բայց աշխատանքները սկսելու համար ժամանակ է անհրաժեշտ․ «Ներդրողները դրսից են, Հայաստանից ոչ ոք չի ցանկանում ներդրում անել։ Մենք ներդրողներ են փնտրում, որ գումարներ տրամադրեն, և մի քանիսն արդեն ցանկություն ունեն։ Մենք սննկացել ենք. եթե ֆեդերացիան կամ պետությունը մեր պարտքերը հատուցի՝ պատրաստ եմ 45 % ակցիաները տալ նրան։ Ստադիոնը միայն սեփականատիրոջինը չէ, այն ժողովրդի համար է կառուցված, մենք պարզապես կառավարում ենք։ Այն սեփական մեքենա չէ, որ քշեմ, տանեմ մեր բակ։ Ներդրումներից հետո որպես եզակի կառույց, որպես Եվրոպայի 10 լավագույն ստադիոններից մեկը՝ այն կսկսի շնչել։ Հայաստանից միայն թեթև ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմիյանն է շահագրգռված, որ մարզադաշտում նաև թեթև ատլիետիկայի կենտրոն լինի և կարողանան միջազգային մրցաշարեր անցկացնել։ Շատ հնարավոր է՝ մոտակա օրերին ունենանք նման վազքուղիներ և միջազգային մրցաշարեր անցկացվեն»,-ասաց նա։

 

Վանեցյանը նաև նշել է՝ մասնագետների գնահատմամբ՝ «Հրազդան» մարզադաշտն իր տեխնիկական բնութագրով որքան էլ վերանորոգվի՝ չի կարող համապատասխանել այն միջազգային ցուցանիշներին, որն անհրաժեշտ է նոր մարզադաշտի համար և որևէ կերպ չենք կարող ակնկալել, որ այդտեղ կանցկացվեն միջազգային առաջնության խաղեր։ Սակայն Աղաբաբյանն այն կարծիքին է, որ «Հրազդանը» դեռ կարող է միջազգային խաղերի ծառայել. «Ես կուզեմ այնպես անենք, որ պարոն Վանեցյանն էլ իմանա, որ «Հրազդան» ստադիոն կա, որ կարող են միջազգային խաղեր անցկացվել»,- նշեց նա։

 

Աղաբաբյանի կարծիքով՝ հունիսի 30-ին մարզադաշտում նախատեսված՝ Հարութ Փամբուկչյանի մեծ համերգը կփարատի տեսակետը, թե այն քանդվում է։ Ըստ նրա՝ մարզադաշտն ամբողջությամբ երկաթբետոնե տեխնալոգիայով է կառուցված և երբեք չի քանդվի։

Սոնա Հարությունյան