Շիրակի մարզում օրերս տեղացած կարկուտի հետևանքով մեծ թվով համայնքներ են տուժել: Կարկուտը 70-100% վնաս է հասցրել ցորենի, գարու, բանջարաբոստանային մշակաբույսերի ցանկատարածություններին: Գյուղացիները վարկեր են վերցրել ու փաստի առաջ կանգնել՝ չգիտեն ինչպես են տակից դուրս գալու:

«Վարկով միլիոններ ենք վերցրել՝ ցորենի, կարտոֆիլի սերմ ենք առել-ցանել, կարկուտն եկավ-տարավ սաղ: Էդ գումարը գնաց-կորավ, վարկերն էլ, չգիտենք՝ ոնց ենք մարելու: Ի՞նչ ծախենք, որ փակենք էդ գումարները: Եթե պետությունը միջոցներ չձեռնարկի՝ ինչքան տեխնիկա կա՝ կհանենք, փողոցը կփակենք»,- բողոքում են գյուղացիները:

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Գեղանիստ համայնքի ղեկավար Աղասի Ղազարյաննասաց, որ կարկուտը մոտ 200 հեկտարում 100 %-ի չափով վնասել է բերքը. «Ջրառատի, Փանիկի սահմանով կարկուտը բերքը լրիվ տարել է: Մարդիկ կան, որոնց մինչև անգամ 20 հեկտար ցանքը վնասվել է: Մենք դիմել ենք մարզպետարան, համապատասխան մասնագետներ են եկել: Հանձնաժողով ենք կազմել, ցուցակներով արձանագրում ենք, թե գյուղացիներից ով ինչ ցանքատարածություններ ունի, որքան վնաս է կրել, որպեսզի ներկայացնենք մարզպետարանին: Սերմացուն, պարարտանյութը գյուղացիները վարկերով են գնել, դժվար կացության մեջ ենք՝ տեսնենք կառավարությունն ինչ կորոշի»,- դժգոհեց Ղազարյանը:

Մեզ հետ զրույցում Ախուրյան համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանն էլ ասաց, որ իրենց խոշորացված համայնքում ամենից շատ Կամո, Կառնուտ, Հովիտ, Բասեն, Ջրառատ, Ախուրյան բնակավայրերն են տուժել. «Հանձնաժողովը ուսումնասիրություն է արել, այս պահին վնասի չափերն է պարզում: Մնացածը կառավարությունը կորոշի, ցանկալի է՝ փոխհատուցի: Մարդիկ շվարած են, տարվա սպասելիքը ջուրն է լցվել»,- նշեց Իգիթյանը:

Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հունիս ամսին երրորդ կարկտահարության դեպքն է եղել. «Առաջինը ամսի 14-ին, երկրորդը՝ 24-ին, երրորդը՝ 27-ին եղավ: Առաջին կարկտահարության արդյունքներն ամփոփել, ուղարկել էինք Գյուղատնտեսության նախարարություն: Մոտ 2000 հեկտար էր վնասվել, վնասի չափը կազմում էր 560 միլիոն դրամ: Երկրորդ կարկուտի ուսումնասիրության աշխատանքները դեռ չէինք ավարտել՝ երրորդ կարկուտը գրանցվեց: Հայկապար, Բասեն, Հովիվ, Ջրառատ համայնքների տարածքները մի քանի անգամ են վնասվել: Տուժածների մեջ է նաև Շիրակ համայնքը. մարզի ամենազարգացած գյուղատնտեսությունն այնտեղ ունենք, այնտեղի տարածքները 100%-ով վնասվել է: Մարզպետի հանձնարարությամբ խմբեր են ստեղծվել, որոնք ուսումնասիրություններ են անում և վերջնական արդյունքը պարզ կլինի չորեքշաբթի օրը»,- ասաց Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետը:
 
Սոնա Հարությունյան