«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը այսօր խախտեց Աբովյանի քաղաքապետի ընտրություններից հետո հաստատատված լռությունը, այդ ընտրությունների տապալման համար մեղադրելով ՔՊ-ական մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին, ով մարդկանց համախմբելու փոխարեն նախընտրել է «սևերի-սպիտակների» բաժանելու քաղաքականությունը: Միքայելյանն իր քաղաքական թիմի ականջին ոչ հաճո ևս մեկ հայտարարություն է արել, նշելով, որ փայլուն աշխատանք կատարած քաղաքապետին ամեն գնով տապալելու, փոխելու պատճառ չի տեսնում: Միքայելյանի մեկ այլ հայտարարություն էլ կարելի է բացահայտ նախազգուշացում համարել ՔՊ-ին, քանի որ, ըստ պատգամավորի, եթե իշխանական թիմը շարունակի նույն ոճով, ներսում ճամբարների բաժանումը չկասեցվի՝ ապա դա նշանակելու է հեղափոխության հեռացում և պարտություն:
 
Արդյոք Միքայելյանի և ՔՊ «ջրերի տարբեր հունով հոսելու» պատճառը այդչափ մակերեսային և պրիմիտի՞վ է, ինչպես շատերը այսօր փորձում են ներկայացնել, թերևս՝ ոչ: Ակնայտ է, որ Սասուն Միքայելյանի և ՔՊ-ի հակադրությունը պետք է փնտրել շատ ավելի խորքային, արժեհամակարգային հարթության մեջ: Ի վերջո, բոլորն էլ հիշում են, թե ինչպես Միքայելյանը ցուցադրաբար լքեց ԱԺ նիստերի դահլիճը, նիստը վարողներին կշտամբելով, որ մոռացել են շնորհավորել Եռատոնը: Սա ՔՊ ներսում առկա արժեհամակարգային բեևեռացման լավագույն օրինակներից մեկն է և ուշագրավ է, որ այդ դրվագի մի կողմում նույն թիմը ներկայացնող պատերազմ անցած հրամանատարն էր, իսկ մյուս կողմում մարդիկ, որոնց մեծ մասի համար իրականում խորթ է «կռված տղա», «պատերազմի հերոս», «ընտանեկան, հոգևոր արժեքներ» հասկացությունները, քանի որ նրանց մեծ մասի հայրենասիրության ցուցիչը հնարավոր և անհնարին բոլոր ճանապարհներով «բանակից թռնելն» էր կամ միջազգային գրանտների դիմաց հանրության շրջանում պետականության հիմքերը խարխլող գաղափարներ տարածելը: Այսօր այդ մարդկանց համար Սասուն Միքայելյանի պահվածքը և ընդհանրապես նրա կերպարը անհասկանալի է, ինչպե՞ս կարելի է հայտարարել, որ «պատերազմը ավարտված չէ և պետականության հզորացման օրակարգից շեղվելը վտանգավոր է», կամ ինչպես կարելի է դեմ գնալ թայֆայական մտածելակերպին:
 
Ակնհայտ է, որ իշխող քաղաքական թիմի ներսում բևեռացումը խորանում է և, եթե նախկինում, երբ այս քաղաքական ուժը ընդդիմություն էր, արժեհամակարգային տարբերությունները այդքան ակնհայտ չէին, ապա այսօր յուրաքանչյուրը մեկ պաշտոն ձեռք գցելով իրեն մի առանձին «Սասուն» է համարում և դեռ մի բան էլ փորձում թիմակիցների հաշվին դիվիդենտներ հավաքել: Դա վերաբերվում է նաև Կոտայքի մարզպետ Պետրոսյանին, ով իր բարձր պաշտոնին հասել է միայն Սասուն Միքայելյանի աջակցության շնորհիվ,  սակայն այսօր, ինչպես հարցազրույցում Միքայելյանը նշեց՝ իրեն լուրջ դեմք է համարում, իրականում Մաուգլիի շակալից ոչնչով չտարբերվելով: Միքայելյանի հարցազրույցի տողատակում դժվար չէ նկատել հիշեցում-ակնարկը,  թե ում «ձեռքի տակ» է աճել Պետրոսյանը:
 
Իհարկե, որևէ մեկը սուրբ չէ, այդ թվում՝ նաև Սասուն Միքայելյանը և ցանկության դեպքում կարելի է նրան քննադատելու բազմաթիվ առիթներ գտնել: Սակայն, ինչպիսին էլ լինեն այդ քննադատությունները,  քաղաքական դաշտում ինչպես և առօրյա կյանքում՝ ամեն ինչ երևում է համեմատության մեջ: Համաձայնեք, դժվար է մեկ հարթության մեջ դիտարկել պատերազմ անցած հրամանատարին, ում մարմնի միջից մինչ օրս դուրս չեն բերվել բոլոր բեկորները՝ մանդատի կողքը մոմ վառող շարքային դեզերտիրների հետ, ովքեր այսօր իշխանական թիմում, ցավոք սրտի, մեծամասնություն են կազմում...