Կառավարության նիստում այսօր որոշում է կայացվել, որ ոռոգման համակարգում պետք է լինեն լրջագույն լուծումներ: «Պետք է հասկանանք, թե ինչքանով է իրականությանը համապատասխանում, ինչպես մամուլն է շրջանառում, ՀՀ-ում «ջրային մաֆիայի» գոյությունը և, եթե այդպես է՝ միանշանակ է, որ այդ «ջրային մաֆիան» պետք է շատ արագ կապիտուլյացիայի ենթարկվի», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

 

Գաղտնիք չէ, որ Արարատյան դաշտն անապատացման վտանգի տակ է: Արարատի ու Արմավիրի մարզերում ստորգետնյա ջրային պաշարների նվազումն արդեն զգացնել է տալիս: Ստորգետնյա քաղցրահամ ջրերը, որոնք կոչվում են նաեւ արտեզյան ջրեր, դուրս են բերվում հորատանցքերով: Արտեզյան ջրով է Արարատյան դաշտի գյուղերի բնակչությունը լուծում խմելու եւ ոռոգման ջրի հարցը: Ձկնաբուծական տնտեսությունները մեծ քանակությամբ ջուր են օգտագործում, իսկ ընդերքը չի հասցնում վերականգնել հասցված վնասը: Իսկ խոշոր ձկնաբիզնեսում, ինչպես հայտնի է՝ խոշոր պաշտոնյաներ են ընդգրկված: Այս դեպքում՝ հիմնականում նախկին պաշտոնյաներ: Շատերի կարծիքով «ջրային մաֆիայի» մասին ակնարկելիս նկատի ուներ հենց վերջիններին:

 

Սակայն Ջրային պետական կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը կարծես թե այլ կարծիք ունի հարցի վերաբերյալ:Մասնավորապես Մելքոնյանը հայտարարել է, թե «ջրի մաֆիա» ասելը մի քիչ բարձր է հնչում. «Եթե իրենց գնահատենք, ապա նրանք անբարեխիղճ, ոչ պարտաճանաչ և իրենց բիզնեսի շահերը պաշտպանող ինչ-որ խումբ մարդիկ են, որոնք, այո՛, տարիներ շարունակ ունեցել են ջուր, ջրի համար վճարել են կամ չնչին գումար, կամ ընդհանրապես չեն վճարել», - հայտարարել է ջրպետկոմի նախագահը։

 

Այսինքն ի՞նչ է ստացվում՝ մեկ տարի տարատեսակ ստուգումներից հետո իշխանությունները զադնի են տալիս՝ չգտնելով գեթ մեկ ջրի գող, չնայած ոլորտում տիրող վերոնշյալ վակխանալիայի: Անգամ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի «ջրային ոդիսականը» ավարտվեց առանց քրեական գործ հարուցելու: Ստացվում է կամ ջրային մաֆիա չկար և գյուղացին ջուր չէր ստանում վատ և սխալ կազմակերպված վարչարարության պատճառով և այսօր էլ այդ վարչարարությունը շարունակվում է գյուղացին ապրում է աչքը, բառի բուն իմաստով, ջուր կտրած, կամ էլ վերոնշյալ մաֆիան առոք փառոք գործում է ինչպես և նախկինում, պարզապես մուծվում է նոր տերերին: