Որոշումները մեր գնահատմամբ կայացվել են դատավարական նորմերի կոպիտ խախտումներով, սակայն այդ որոշումների պահից հետո խախտումները դեռ չեն վերացել, և դատարանը իր կամայական մեկնաբանություններով շարունակում է խոչընդոտել պրոցեսին։ Այս մասին այսօր՝ հուլիսի 3-ին, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական որոշումներին՝ ասաց պաշտպան Հովհաննես Խուդոյանը.

«Հունիսի 25-ին հրապարակված դատական ակտով, որն ուժի մեջ է մտել հրապարակման պահից, Վերաքննիչ քրեական դատարանն արձանագրել է, որ կասեցման որոշումը վերացվում է, և գործը պետք է վերսկսվի նույն դատարանում ընդհատման պահից։ Այսինքն՝ ներկայումս Առաջին ատյանի դատարանում այդ պրոցեսը պետք է շարունակվի, սակայն ի՞նչն է խնդիրը, որ Վերաքննիչ դատարանն իր այդ որոշումից հետո գործերը չի վերադարձնում Առաջին ատյանի դատարան, որպեսզի այդ պրոցեսը սկսվի»,- ասաց Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։

Խուդոյանը նշեց, որ Քոչարյանի պաշտպանական խմբին տարբեր ուղղություններից մեղադրում են այն հանգամանքի մեջ, որ փորձ է կատարվում ձգձգել դատավարությունը, սակայն այս դեպքում ձգձգումը հենց դատարանի կողմից է։

«Ակնհայտ է, որ դատարանի այն որոշումը, որ գործը պետք է անհապաղ վերսկսվի, տարբեր պատճառաբանություններով այդ գործը Առաջին ատյանի դատարան չի վերադարձվում, և, փաստորեն, գործը կրկին սառած է՝ չունենալով իրավական հիմք»,- ասաց Խուդոյանը։