Վերաքննիչ քրեական դատարանի գործողությունները հաստատում են ավելի վաղ հայտնված երկյուղները, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է։ Այս մասին այսօր՝ հուլիսի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը։

Փաստաբանն ընդգծել է, որ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը (գործն Առաջին ատյանի դատարան վերադարձնելու մասին) հակասում է Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշմանը։ Այս առնչությամբ փաստաբանը հիշեցրել է, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը՝ գործը Սահմանադրական դատարան հանձնելու մասին, բողոքարկման ենթակա չէ, և անգամ իրենք՝ դատախազության աշխատակիցներն են դատարանի պահվածքը գնահատում որպես ոչ ստանդարտ։

«Վերաքննիչ դատարանն այս դեպքում իրավունք չունի միջամտելու Առաջին ատյանի դատարանի գործերին։ Առաջին ատյանի դատարանի ինքնավար իրավունքը ՍԴ-ին հանձնելու որոշումը բողոքարկման ենթակա չէ։ Ընդ որում, Վերաքննիչ դատարանն առհասարակ պաշտպանության կողմին ելույթ ունենալու հնարավորություն չտվեց։ Մեզ նման դեպքեր հայտնի չեն։ Այդ որոշումը հակասում է դատական պրակտիկային։ Ակնհայտ է, որ  ընթանում է անարդար դատավարություն, ինչը հաստատում է մեր երկյուղներն այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է»,- նշել է փաստաբանը։