Դատական տեղեկատվական համակարգում հրապարակվել է հունիսի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանի կողմից Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին առնչվող երկու որոշումները։

Այստեղ նշվում է, որ դատավոր Արմեն Դանիելյանը, որոշել է կալանավորել 2-րդ նախագահ Քոչարյանին, այն հիմքով, որ նա ազատության մեջ գտնվելով կարող է գործով անցնող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով խոչընդոտել արդարադատության իրականացմանը։ Երկրորդ որոշմամբ դատավորը, բեկանել ՝ առաջին ատյանի դատարանի որոշումը, գործի վարույթը կասեցնելու մասին և որոշել այն հետ ուղարկել նույն դատարան՝ վերսկսելու գործի քննությունը ընդհատված տեղից։

Վերաքննիչ դատարանը հիմնավորելով Քոչարյանին կալանավորելու որոշումը նշում է, որ 2-րդ նախագահի կողմից ՀՀ սահմանահատումների, ինչպես նաև արտերկրում գործունեություն ծավալելու վերաբերյալ առկա տեղեկատվության համակցությունը բավարար հիմք է տալիս համաձայնելու դատախազի և տուժող կողմի հետևությանը մեղադրյալի քննությունից թաքնվելու հավանականության մասին: Դատավորը պնդմամբ՝ առկա են փաստական տվյալներ, ըստ որոնց Քոչարյանն առնչություն ունի սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքի հետ։

Ըստ Վերաքննիչ դատարանի՝ քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու և գործով անցնող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու բարձր ռիսկերի առկայության պայմաններում Քոչարյանի նկատմամբ անազատության հետ չկապված որևէ խափանման միջոցի, այդ թվում' անձնական երաշխավորության կիրառումը գործուն երաշխիք համարվել չի կարող։

Ավելի քան մեկ ամիս առաջ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանն էին անձամբ երաշխավորել, որ ազատության մեջ Քոչարյանը կդրսևորի պատշաճ վարքագիծ՝ վճարելով 1 միլիոն դրամ։

Վերաքննիչի երկրորդ որոշումն առնչվում է Քոչարյանի քրեական գործի վարույթը կասեցնելու և այն Սահմանադրական դատարան ուղարկելու՝ առաջին ատյանի դատարանի որոշմանը։ Արմեն Դանիելյանը բեկանելով այս որոշումը՝ եզրահանգում է, որ այդ դատական ակտը կայացվել է իրավական տարբեր պահանջների խախտմամբ:

Դանիելյանը շեշտել է, որ թեև առաջին ատյանի դատավոր Գրիգորյանը նշել է, որ հետազոտել է այս քրեական գործի նյութերը, մինչդեռ, քննարկվող հարցը կողմերի մասնակցությամբ ըստ էության չի քննվել և որ դատական նիստ չի հրավիրվել: