Երկու ամսից կլրանա Կադաստրի կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանի ղեկավարման մեկ տարին: Վերջինս նշանակումից հետո հանդես էր եկել դարակազմիկ խոստումներով և ծրագրերով, այն է՝ հինգ տարի անց Կադաստրը աշխարհի լավագույն կադաստրների ցանկում գրանցել, նվազեցնել թղթաբանությունը, անցնել էլեկտրոնային վարչարարության:

 

Սակայն, անցած գրեթե մեկ տարվա ընթացքում Պետրոսյանը աչքի է ընկել միայն կենացներով, մինչդեռ բազմաթիվ խնդիրներ որոնց այսօր Պետրոսյանի ղեկավարած ոլորտում բախվում են քաղաքացիները՝ մնում են չլուծված: Սարհատ Պետրոսյանի միակ արժանիքը շարունակում է մնալ Վազգեն Մանուկյանի փեսա և Փաշինյանի թայֆայի վառ ներկայացուցիչ լինելը, իսկ գործնականում վերջինիս հայտարարությունները ուղղակիորեն հակասում են գործողություններին:

 

Օրինակ, Պետրոսյանը կարող է հայտարարել, որ Կադաստրի կոմիտեի միակ սուրբ նպատակը ոլորտը կոռուպցիայից ազատելն է. թե ինչ գործնական քայլեր է արվել այդ ուղղությամբ՝ մնում է կռահել: Մյուս կողմից նա հայտարարում է, որ Կոմիտեն իր գործառույթների իրականացման ժամանակ երբեմն առնչվում է «ստվերային» հողերի դեպքերի հետ, իսկ քանի՞ նման դեպք է բացահայտել Պետրոսյանը, քանի՞ նման ստվերային ֆեոդալի ձեռքից է բռնել՝ նույնպես մնում է կռահել:

 

Ինքը Պետրոսյանը իր անգործությանն արդեն իսկ պատրվակ է գտել, ըստ նրա՝ պետք է զերծ մնալ բացահայտումների մասին բարձրաձայնելուց: Այսինքն՝ կարելի է առանց որևէ հիմքի հայտարել, որ նախկին չինովնիկները «գող ու ավազակներ էին», իսկ, երբ հանրությունը կպահանջի Պետրոսյանի մեղադրանքների ապացույց՝ նա հանգիստ կարող է հայտարարել, որ նախընտրում է լուռ աշխատել: Մի կողմից Պետրոսյանը հայտարարում է, որ սեփականության պաշտպանության առաջամարտիկն է լինելու, մյուս կողմից՝ կողմ է արտահայվում կառավարության այն նախագծերին, որոնք միանշանակ կերպով ուղղված են սեփականության իրավունքի ոտնահարմանը:

 

Պետրոսյանը, իհարկե, արդարանում է՝ պնդելով, որ այլ մարմինների 30 տարվա չարածը Կոմիտեն չի կարող անել հինգ ամսում: Սակայն, այլ մարմինների չարածի գոնե մեկ տոկոսը մեկ տարում անել կարելի էր: Տպավորություն է, որ մեկ տարվա մեջ Կադաստրի կոմիտեն անգամ նորմալ չի հասցրել ուսումնասիրել անշարժ գույքի շուկան և չնայած ակնհայտ պարապուրդի՝ Պետրոսյանը և իր աշխատակիցները 2018 թ.–ի օգոստոսից ամեն ամիս աշխատավարձի 25%-ի չափով խրախուսում են ստանում: Եթե այդ խրախուսումները տեղի ունենային կադաստրում անցկացվող համակարգային բարեփոխումների ֆոնին, իսկ Պետրոսյանի կենացների առնվազն կեսը իրականություն դարձած լինեին, ապա հանրությունը աչք կփակեր նման ճոխության վրա: Իսկ այս պարագայում մնում է խորհուրդ տալ խոսքերից անցնել գործի և ապացուցել, որ հեղափոխությունը կադաստր էլ է հասել...