Տեղեկատվական ոլորտի անառողջ դրսևորումներն ավելի ցայտուն են դարձել նոր իրավիճակում, երբ իշխանությունն ու ընդդիմությունը փոխվել են տեղերով, իսկ տեղեկատվական պատերազմի անբաժան մասն է «ֆեյք նյուզը», որի պակասը հայաստանյան մեդիա դաշտը, ցավոք սրտի, չի զգում: Ֆեյք-նյուզի վերջին օրինակներից մեկն էլ ռուսական լրատվամիջոցներից մեկով տարածված՝ Փաշինյանի նամակն է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին: Իհարկե, ամենայն հավանականությամբ այս պարագայում գործ ունենք ֆեյք-նյուզի հետ, միևնույն ժամանակ չենք կարող բացառել, որ դրա տակ առկա են նաև ռեալ քաղաքական գործընթացներ: Հեղափոխությունից հետո հանրային լայն շրջանակներում քննարկվում էր թեզը, որ Սերժ Սարգսյանը իշխանությունը «հանձնել» է Նիկոլ Փաշինյանին, որպեսզի ամենաբարդ խնդիրը՝ այն է «հողերի հանձնումը» լուծի հենց Փաշինյանի ձեռքով: Միևնույն ժամանակ, դժվար է հավատալ, որ ՀՀ որևէ ղեկավար կարող է կամովին իր վրա վերցնել «հողեր հանձնողի» պիտակը, բացառությամբ թերևս ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, ում «տարածքները հանձնենք, որպեսզի լավ ապրենք» լուծման բանալին բոլորին քաջ հայտնի է:

 

Առավել ուշագրավ է թե ովքեր են կանգնած նման «սլիվների» հետևում և ինչու է լուրը մեկ շաբաթ «թթվեցնելուց» հետո միայն այս պահին նետվում տեղեկատվական դաշտ: Դիցուք՝ վարչապետի աշխատակազմի հաշվեկշռում գործում է ՊՈԱԿ, որը մոնիթորինգի է ենթարկում լրահոսն ու յուրաքանչյուր պաշտոնյայի հետ կապված հրապարակման մասին զանգով տեղյակ է պահում: Խոսքը «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի մասին է, որի կանոնադրության համաձայն անմիջական պարտականությունների մեջ է մտնում նման առանցքային նշանակություն ունեցող ապատեղեկատվության ակնթարթորեն արձագանքելը, տեղեկատվության հավաքագրման և տարածման գործընթացների վերաբերյալ ուսումնասիրությունների կատարումը: Հետևաբար ՊՈԱԿ-ը այս հարցում թերացել է, մենք դեռևս չունենք պաշտոնական արձագանք կամ հերքում: Եվ թերացել է այն դեպքում, երբ ՊՈԱԿ-ի բյուջեն կազմում է 582 միլիոն ՀՀ դրամ, գումարի 372 միլիոն դրամն էլ ուղղվում է աշխատավարձերին: Միևնույն ժամանակ սույն ՊՈԱԿ-ը դեռ ասոցացվում է իշխանական ֆեյքեր պահող «կանտոռայի» հետ՝ մոռանալով իր բուն պարտականությունների մասին:

 

Ավելորդ է նշել, որ նման ֆեյք «սլիվներն» են՝ իշխանության հանդեպ մեդիա դաշտի վերաբերմունքի լավագույն ինդիկատորը' լակմուսի թուղթը: Ակնհայտ է, որ այդ վերաբերմունքը մեղմ ասած բացասական է, իշխանություններն էլ իրենց քայլերով, փոխարենը նպաստեն հարաբերությունների առողջացմանը, անում են ճիշտ հակառակը՝ օրինակ արժեզրկելով լրագրողների աշխատանքը, քամահրական հարցազրույցներ տալով, լրագրողներին պիտակավորելով կամ ԶԼՄ-ի մասին նոր օրինագիծ մշակելով՝ առանց այդ նույն ԶԼՄ-ի հետ նախնական քննարկումների:

 

Ինչ վերաբերվում է նախկին իշխանություններին, թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին մեդիա դաշտում «թղթերով ամեն ինչ նորմալ» էր, այսինքն մի կողմից հայտարարվում էր, որ մեդիան անկախ է, բայց մյուս կողմից էլ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ առկա էր «մեկ կենտրոնից վերահսկողություն» և իշխանական մեդիան աշխատում էր ժամացույցի պես՝ սպասարկելով իշխանական թիմի շահերը: Այսօր տոտալ վերահսկողության բացակայության պայմաններում պատկերը հետևյալն է՝ մեդիա դաշտը բաղկացած է մի քանի սեկտորներից. առաջինը իշխանությունների հանդեպ տրամադրված է խիստ բացասական կերպով և առիթը բաց չի թողնում մանիպուլատիվ հնարքների միջոցով գցել վերջիններիս վարկանիշը: Մյուս սեկտորում լոյալ լրատվամիջոցներն են, որոնք տվյալ պարագայում փորձում են առավելագույն օբյեկտիվ դիրքորոշում բռնել, միևնույն ժամանակ՝ լավին լավը ասելով, վատին՝ վատը: Ստացվում է, որ Փաշինյանին մեդիա դաշտում այսօր «պահում» է լրատվամիջոցների 15-20 տոկոսը: Սա ունի նաև օբյեկտիվ հիմքեր. նոր իշխանությունները իրենց վարած քաղաքականության մեջ մեկ տարի շարունակ չեն կարողանում արձանագրել լուրջ հաջողություններ։ Այդ պատճառով էլ իշխանությունները խիստ ցավագին են արձագանքում մամուլի հրապարակումներին և քաղաքականության ճշգրտումների փոխարեն՝ շարունակում են հեղափոխականությունը՝ թշնամիներ ու սաբոտաժնիկներ են փնտրում, ինչն էլ աննախադեպ բացասական վերաբերմունքի է արժանանում մեդիա դաշտի կողմից և արտահայտվում է այդ թվում իշխանության հանդեպ՝ տեղեկատվական մանիպուլյացիոն նմանատիպ քայլերով: