«Այսօրվա դատական համակարգը նմանեցնում եմ 90-ականների դատական համակարգի հետ»։ Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց նախկին պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի դատապաշտպան Լևոն Բարսեղյանը։

Փաստաբանն անդրադարձավ Հայաստանում դատական համակարգի ներկայիս իրավիճակին։ Այն համամեատելով 90-ականների հետ՝ Բարսեղյանն ասաց, որ այդ տարիներին գործկոմի նախագահները, պետական պաշտոնյանները իրենց պարտքն էին համարում միջամտել դատական համակարգի գործունեությանը, նրա խոսքով՝ այսօր էլ նույն իրավիճակն է։ Գրիգորյանի փաստաբանը 90-ականների դատական համակարգից բերեց մեկ օրինակ.

«Գործկոմի նախագահներից մեկը զանգում է դատարանի նախագահին և ասում.

-Պողոսը (պայմանական անուն) գողություն է արել։

Դատարանի նախագահն ասում է.

-Խնդիր չկա, շեֆ ջան, կարդարացնենք։

Գործկոմի նախագահն ասում է.

-Ի՞նչ արդարացնել: Իմ բարեկամի տունն է թալանել։

Դատարանի նախագահն էլ ասում է.

-Դե որ էդպես է, ամենախիստ պատիժը կտանք»:

Փաստաբանն իր խոսքում ասաց, որ ներկայիս իշխանությունները պետք է կարճ ժամկետներում վիրահատական բարեփոխումներ կատարեն դատական համակարգում։