Հուլիսի 3-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 29 պատվիրակ հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ՀՀ-ում LGBTI անձանց իրավունքների պաշտպանության իրավիճակին ու ձեռնարկվելիք քայլերի անհրաժեշտությանը։

 

Հայտարարությունը ստորագրողները, հիշեցնելով Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի՝ Հայաստանի վերաբերյալ վերջին զեկույցը, արձանագրում են՝ զեկույցը հստակորեն արտացոլում է՝ LGBTI անձանց իրավիճակը ՀՀ-ում Եվրոպայի շրջանում ամենավատն է։

 

Նման կոչը ուշագրավ է հատկապես վերջին օրերին համացանցի հայկական տիրույթը ողողած բռնության ձայնը հեշթեգով ֆլեշմոբի ֆոնին: Ընդ որում, ակնհայտ է, որ նման ֆլեշմոբ անցկացնելու կարիքը առաջ եկավ հենց այն ժամանակ, երբ իշխանություններին պարտադրում են արագացնել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը:

 

Հայաստանում Ուկրաինայի և ՌԴ օրինակներով, եթե կուզեք, սցենարով փորձ է արվում հանրային լայն ռեզոնանս առաջացնել, ստեղծել տպավորություն, որ բռնության հարցը այսօր մեր երկրի առջև ծառացած թիվ մեկ և ամենահրատապ լուծում պահանջող հարցն է, ապա խնդիրը տեղափոխել պառլամենտական հարթակ, որտեղ էլ տեղի կունենա կուլմինացիան՝ Ստամբուլյան տխրահռչակ կոնվենցիայի վավերացումը, իհարկե՝ ժողովրդի պահանջից ելնելով:


Ավելին, ԵԽԽՎ պատվիրակների կոչն էլ կարող է իշխանությունների կողմից դիտարկվի իբրև գործողության կոչ և ևս մեկ առիթ՝ խոսելու այս անգամ արդեն միջազգային պահանջի և ճնշման մասին: